Saudi Aramco-ի զուտ շահույթը 2026-ի առաջին եռամսյակում ավելացել է 25%-ով
Սաուդյան Արաբիայի պետական նավթային Saudi Arabian Oil Co. (Saudi Aramco) ընկերությունը 2026 թվականի առաջին եռամսյակում արձանագրել է 25%-ով ավելի զուտ շահույթ՝ Մերձավոր Արևելքում ռազմական հակամարտության հետևանքով նավթի գների աճի պայմաններում։
Ինչպես նշվում է ընկերության հաղորդագրությունում, հունվար-մարտ ամիսներին զուտ շահույթը կազմել է 32.54 մլրդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 26 մլրդ դոլարի համեմատ։
Saudi Aramco-ի եռամսյակային հասույթն աճել է 12%-ով՝ հասնելով 124.6 մլրդ դոլարի՝ նավթի և նավթամթերքի գների բարձրացման շնորհիվ՝ չնայած վաճառքի ծավալների նվազմանը։ Առաջին եռամսյակում նավթի իրացման միջին գինը կազմել է 76.9 դոլար մեկ բարելի դիմաց՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 76.3 դոլարի և 2025 թվականի չորրորդ եռամսյակի 64.1 դոլարի համեմատ։
Մերձավոր Արևելքում ռազմական հակամարտությունը ստիպել է Սաուդյան Արաբիային նավթի մատակարարումների մի մասը Պարսից ծոցից վերաուղղել դեպի Կարմիր ծովի արտահանման նավահանգիստներ՝ «Արևելք-Արևմուտք» նավթամուղով։ Մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ առաջին եռամսյակում այդ նավթամուղն աշխատել է ամբողջ հզորությամբ՝ օրական 7 մլն բարել։
Saudi Aramco-ի կապիտալ ներդրումներն անցած եռամսյակում կազմել են 12.1 մլրդ դոլար։
Ընկերությունն առաջին եռամսյակի արդյունքներով դիվիդենտների վճարման համար կուղղի 21.9 մլրդ դոլար, ինչը 3.5%-ով ավելի է, քան մեկ տարի առաջ։
Saudi Aramco-ի ղեկավար Ամին Նասերը կիրակի հայտարարել է, որ վերջին երկու ամիսների ընթացքում նավթային շուկան կորցրել է շուրջ 1 մլրդ բարել նավթ՝ Մերձավոր Արևելքի հակամարտության պատճառով։ Նա զգուշացրել է, որ եթե ներկայիս իրավիճակը ձգձգվի ավելի քան մի քանի շաբաթ, ապա շուկայի նորմալացում մինչև 2027 թվականը սպասել պետք չէ։
«Եթե այսօր վերականգնվեն առևտրային հոսքերը Հորմուզի նեղուցով, նավթային շուկայի վերաբալանսավորման համար մի քանի ամիս կպահանջվի: Սակայն եթե առևտուրը և նավագնացությունը սահմանափակվեն ևս ավելի քան մի քանի շաբաթ, մատակարարումների խափանումները կպահպանվեն, և շուկայի նորմալացումը տեղի կունենա միայն 2027 թվականին», – ասել է Նասերը։
