ԵՄ-ն «ստվերային նավատորմը» կդարձնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթի հիմնական թիրախ
Ինչպես հայտնում է Politico-ն՝ հղում անելով ԵՄ անանուն պաշտոնյաների և դիվանագետների, սահմանափակումները կարող են վերաբերվել «ստվերային նավատորմին», ռուսական բանկերին, ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, ինչպես նաև Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչներին՝ ներառյալ Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին։
«Սպասվում է, որ պատժամիջոցների 21-րդ փաթեթը, որը կներկայացվի հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին, կարող է ուղղված լինել նաև ռուսական բանկերի, ֆինանսական հաստատությունների և ռազմարդյունաբերական ընկերությունների դեմ: Պաշտոնյաները նաև հնարավորություն են տեսնում առաջ մղելու այն պատժամիջոցները, որոնք նախկինում արգելափակվել էին Հունգարիայի նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարության կողմից։ Դրանց թվում են միջոցառումներ, որոնք ուղղված են Ռուս ուղղափառ եկեղեցու բարձրաստիճան անդամների դեմ, հատկապես՝ նրա ղեկավարի՝ պատրիարք Կիրիլի դեմ», – ասվում է հաղորդագրությունում։
Ինչպես ճշտել է դիվանագետը, Եվրահանձնաժողովը կարող է կրկին առաջարկություն անել՝ ծովային ծառայությունների արգելքի վերաբերյալ այն նավերի համար, որոնք ԵՄ-ն կապում է Ռուսաստանի հետ։ Ավելի վաղ այս նախաձեռնությունը արգելափակվել էր Մալթայի և Հունաստանի կողմից։
Ռուսաստանում բազմիցս հայտարարել են, որ երկիրը կհաղթահարի պատժամիջոցային ճնշումը, որը Արևմուտքը սկսել է կիրառել մի քանի տարի առաջ և շարունակում է ուժեղացնել։ Մոսկվայում նշել են, որ Արևմուտքին պակասում է քաջությունը՝ ընդունելու Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ձախողումը։ Արևմտյան երկրներում ևս բազմիցս հնչել են կարծիքներ հակառուսական սահմանափակումների անարդյունավետության մասին։
