Հնդկաստանի վարչապետը կոչ է արել անցնել հեռավար աշխատանքի՝ տնտեսելու նպատակով
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին անհրաժեշտ է համարում վերադառնալ կորոնավիրուսի համավարակի ժամանակների սահմանափակումներին՝ Մերձավոր Արևելքում ճգնաժամի հետևանքների ֆոնին։
«Կորոնավիրուսի ժամանակ մենք աշխատում էինք տնից, անցկացնում էինք վիրտուալ հանդիպումներ, տեսաժողովներ։ Մենք դրան սովորել ենք։ Ժամանակի պահանջն է՝ կրկին վերադառնալ այդ մեթոդներին», – ասել է նա։
Վարչապետն ընդգծել է արտարժույթի խնայողության և էներգառեսուրսների ներմուծումից կախվածության նվազեցման անհրաժեշտությունը։ Բացի այդ, Մոդիի խոսքով՝ Հնդկաստանի քաղաքացիները պետք է վերանայեն սպառողական սովորությունները։
«Միջին խավի շրջանում տարածվում է արտասահմանում հարսանիքներ անցկացնելու, արտերկիր ճանապարհորդելու և արտերկրում հանգստանալու մշակույթը։ Մենք պետք է որոշում ընդունենք, որ այս ճգնաժամային շրջանում առնվազն մեկ տարով պետք է հետաձգենք արտասահմանյան ուղևորությունները»։
Մոդին նաև կոչ է արել քաղաքացիներին մեկ տարով հրաժարվել տոներին ոսկի գնելուց։
Հնդկաստանի կառավարության ղեկավարը նաև հայտարարել է վառելիքը խնայողաբար օգտագործելու կարևորության մասին։
«Այս պահին պահանջվում է, որպեսզի բենզինը, դիզելը, գազը օգտագործվեն մեծ զսպվածությամբ։ Այդ էներգառեսուրսները մենք ներմուծում ենք արտասահմանից, հետևաբար պետք է փորձենք օգտագործել միայն անհրաժեշտ քանակը»։
Այս կապակցությամբ նա կոչ է արել քաղաքացիներին ավելի ակտիվ օգտվել հասարակական տրանսպորտից և երկաթուղուց։
«Գլոբալ ճգնաժամի ժամանակ, ինչպիսին է Արևմտյան Ասիայում հակամարտության առաջացրածը, մենք պետք է որոշումներ ընդունենք՝ երկիրը վեր դասելով ամեն ինչից», – ընդգծել է Հնդկաստանի վարչապետը։
