Եվրահանձնաժողովը բանակցություններ է վարում OpenAI-ի և Anthropic-ի հետ
Եվրոպական հանձնաժողովը առանձին բանակցություններ է վարում արհեստական բանականության ոլորտում գործող ամերիկյան ընկերությունների՝ OpenAI-ի և Anthropic-ի հետ։ Յուրաքանչյուր ընկերության հետ բանակցությունները տարբեր փուլերում են: Այս մասին հայտնել է Հանձնաժողովի ներկայացուցիչը։
OpenAI-ը կապ է հաստատել Հանձնաժողովի հետ և առաջարկել է տրամադրել մուտք դեպի իր նոր արհեստական բանականության մոդելը, հայտարարել է ներկայացուցիչ Թոմաս Ռենյեն՝ մամուլի համար անցկացվող ամենօրյա բրիֆինգի ժամանակ։ Հանձնաժողովը ողջունել է ընկերության նախաձեռնությունը, և հնարավոր հետագա քայլերի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են։
Anthropic-ի հետ Հանձնաժողովը անցկացրել է չորս կամ հինգ հանդիպում, սակայն բանակցությունները դեռ չեն հասել այդ ընկերության արհեստական բանականության մոդելներին մուտք տրամադրելու հարցի քննարկմանը, նշել է Ռենյեն։
«Մի դեպքում (OpenAI) ընկերությունն ինքն է նախաձեռնություն ցուցաբերում և առաջարկում մուտք տրամադրել։ Մյուս դեպքում (Anthropic) մենք վարում ենք կառուցողական բանակցություններ, սակայն դեռ այն փուլում չենք, երբ կարելի է ենթադրություններ անել հնարավոր մուտքի կամ դրա բացակայության վերաբերյալ», – ասել է Ռենյեն։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

