Դոնալդ Թրամփը կարող է ավելի քան 5 մլն դոլար վաստակել Թբիլիսիում երկնաքերի կառուցումից
Թբիլիսիում Trump Tower-ի կառուցման մասին լուրը հայտնվել է ապրիլի կեսերին, սակայն համացանցում արդեն հրապարակվել են ապագա շենքի առաջին ռենդերները։ Հայտնի է, որ նախագծին կմասնակցեն նաև վրացական ընկերություններ։
Թբիլիսիի երկնաքերը Trump Organization-ի կողմից Դոնալդ Թրամփի երկրորդ նախագահական ժամկետի ընթացքում ընտրվելուց հետո կնքված արտասահմանյան լիցենզավորման և բրենդավորման համաձայնագրերի շարքի մաս է կազմում։
Ամերիկյան Forbes-ի տվյալներով՝ 2024 թվականին Թրամփի եկամուտը նման համաձայնագրերից աճել է 650%-ով և շարունակում է ավելանալ։ Թեև առայժմ հայտնի չէ, թե Թբիլիսիում շինարարությունից Թրամփը ինչ չափով ուղղակի շահույթ կստանա, սակայն նախորդ նախագծերի հիման վրա պարբերականի լրագրողները չեն բացառում, որ եկամուտը կարող է կազմել առնվազն 5 մլն դոլար։
Trump Tower Tbilisi-ը կկառուցվի Սաբուրթալոյում՝ Կենտրոնական այգու հարևանությամբ։ Այն կլինի 70 հարկանի երկնաքեր, որը կմիավորի բիզնես կենտրոն, առևտրային տարածքներ և հյուրանոց։
