ԵՄ-ում պատրաստվում են ուղևորների համար ներդնել միասնական տոմս՝ տարբեր օպերատորների ծառայություններից օգտվելու համար
ԵՀ-ն հաստատել է առաջարկներ, որոնք նպատակ ունեն պարզեցնել Եվրոպական միությունում տարածաշրջանային, միջքաղաքային և անդրսահմանային ուղևորությունների, մասնավորապես՝ երկաթուղային ուղևորությունների պլանավորումն ու ամրագրումը։
Ներկայումս ԵՄ-ում ուղևորների համար դժվար է համեմատել ճանապարհորդության բոլոր հասանելի տարբերակները և որոշել դրանցից ամենաէկոլոգիականը, հատկապես դա վերաբերում է անդրսահմանային ուղևորություններին, մասնավորապես՝ երկաթուղային։ Շատ ուղևորներ բախվում են խոչընդոտների՝ տարբեր տրանսպորտային ծառայություններ համադրելու ժամանակ։
Երկաթուղային ճանապարհորդությունների ամրագրումները, որոնք բաղկացած են մի քանի փուլերից և նախատեսում են տարբեր ընկերությունների տոմսեր, կարող է բարդ լինել՝ մեծապես ամրագրման համակարգերի մասնատվածության և որոշ երկաթուղային ընկերությունների՝ շուկայում շատ ուժեղ ներկայության պատճառով։
Առաջարկները նպատակ ունեն վերացնել այդ խոչընդոտները։ Ուղևորների ճանապարհորդությունն ավելի հարմար դարձնելու և ԵՄ-ի կլիմայական նպատակների իրագործմանը նպաստելու համար Եվրոպական հանձնաժողովն առաջարկել է միջոցառումներ, որոնք թույլ կտան տարբեր երկաթուղային օպերատորների մոտ ամրագրել միասնական տոմսեր՝ դարձնելով երկաթուղային շուկան ավելի թափանցիկ և մատչելի։
Ուղևորները կկարողանան գտնել, համեմատել և գնել տարբեր երկաթուղային օպերատորների ծառայությունները՝ միավորված մեկ տոմսի մեջ, որը հնարավոր կլինի ձեռք բերել մեկ գործարքով՝ իրենց ընտրած տոմսերի վաճառքի հարթակում։ Դա կարող է լինել անկախ հարթակ կամ տվյալ երկաթուղային օպերատորի սեփական տոմսերի վաճառքի ծառայությունը։
Եթե տարբեր օպերատորների մասնակցությամբ երկաթուղային ուղևորությունների ընթացքում ուղևորները բաց թողնեն փոխադրումները, ապա միասնական տոմս ունեցողները կստանան նոր՝ լիարժեք իրավական պաշտպանության առավելությունները՝ ներառյալ օգնությունը, երթուղու փոփոխումը, վերադարձը և փոխհատուցումը։
Հանձնաժողովը նաև ներմուծում է նոր պարտավորություններ տոմսերի վաճառքի հարթակների և օպերատորների համար՝ նպատակ ունենալով ապահովել տոմսերի վաճառքի արդար հասանելիություն և ճանապարհորդության տարբերակների չեզոք ներկայացում։
Հարթակները պարտավոր կլինեն առաջարկները ցուցադրել չեզոք կերպով՝ ներառյալ հնարավորության դեպքում ջերմոցային գազերի արտանետումների մակարդակով դասակարգումը։ Կանոնները կապահովեն, որ բոլոր տրանսպորտային օպերատորները կարողանան տոմսերի վաճառքի հարթակների հետ կնքել արդար, ողջամիտ և ոչ խտրական առևտրային համաձայնագրեր, և հակառակը։
Այսօրվա հայտարարությունից հետո հանձնաժողովը առաջարկվող կանոնակարգերը կներկայացնի ԵՄ խորհրդի և Եվրոպական խորհրդարանի քննարկմանը՝ սովորական օրենսդրական ընթացակարգի շրջանակում։
