Պավել Դուրովը TON կրիպտոարժույթը վերանվանել է GRAM
Telegram մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովը հաստատել է TON բլոկչեյնի բնիկ թոքենի՝ Toncoin-ի (TON) անվանումը Gram-ի (GRAM) փոխելու ծրագրերը։ Այդ մասին նա հայտնել է իր ալիքում։
Դուրովի գրառումից քիչ առաջ TON Vote հարթակում, որտեղ TON ցանցի թոքենների սեփականատերերը քվեարկում են բլոկչեյնի փոփոխությունների վերաբերյալ, Telegram-ի վերիֆիկացված հաշվից մեկնարկել էր այս հարցին նվիրված քվեարկություն։ Սակայն Դուրովի հրապարակումից մի քանի րոպե առաջ այն հեռացվել էր հարթակից։
Քվեարկության նկարագրության մեջ նշվում էր, որ բլոկչեյնը կպահպանի իր TON (The Open Network) անվանումը, իսկ փոփոխությունները կվերաբերեն միայն թոքենի անվանն ու թիկերին։ Օգտատերերի հասցեները, սմարթ-պայմանագրերը, սթեյքինգը, NFT-ները և DeFi հարթակներում առկա դիրքերը կմնան անփոփոխ։
Ընդգծվում էր նաև, որ TON-ը GRAM-ի «փոխանակելու», «միգրացնելու» կամ «կոնվերտացնելու» ցանկացած առաջարկ խարդախություն է։ Խոսքը բացառապես թոքենի անվան փոփոխության մասին է, և օգտատերերից որևէ գործողություն չի պահանջվում։
Դուրովի խոսքով՝ Gram-ը TON կրիպտոարժույթի սկզբնական անվանումն էր նախագծի առաջին հայեցակարգային փաստաթղթում (White Paper)։ Նա վերանվանումը բնութագրել է որպես «վերադարձ ակունքներին» և «նոր գլխի սկիզբ»։
Դուրովը նաև հայտարարել է, որ անվանափոխությունը MTONGA (Make TON Great Again) նախաձեռնության շրջանակում նախատեսված յոթ քայլերից չորրորդն է։
Gram-ը Telegram Open Network (TON) նախագծի կրիպտոարժույթի սկզբնական անվանումն էր, որը Telegram-ը ներկայացրել էր 2018 թվականին։ Ընկերությունը ներդրողներից ներգրավել էր մոտ 1.7 միլիարդ դոլար՝ իրականացնելով կրիպտոշուկայի պատմության խոշորագույն ICO-ներից (Initial Coin Offering՝ թոքենների առաջնային առաջարկ) մեկը։
2019 թվականին ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը (SEC) դատարանի միջոցով արգելեց Gram-ի թողարկումը՝ այն համարելով չգրանցված արժեթուղթ։ 2020 թվականին Telegram-ը հրաժարվեց TON-ի գործարկումից, ներդրողներին վերադարձրեց միջոցների մի մասը և վճարեց տուգանք։
Telegram-ի նախագծից դուրս գալուց հետո դրա զարգացումը շարունակեց անկախ ծրագրավորողների համայնքը՝ պահպանելով բլոկչեյնի The Open Network (TON) անվանումը։ Միևնույն ժամանակ Gram անվանումը մնացել էր նախագծի սկզբնական փաստաթղթերում և ծրագրային կոդի որոշ հատվածներում։
Toncoin-ը ներկայում զբաղեցնում է 20-րդ հորիզոնականը CoinMarketCap-ի վարկանիշում՝ ավելի քան 5.5 միլիարդ դոլար շուկայական կապիտալիզացիայով։ Հրապարակման պահին TON-ը վաճառվում էր մոտ 2 դոլարով։ Կրիպտոբորսաները դեռ պահպանում են նախկին թիկերը, ինչը ենթադրում է, որ ռեբրենդինգի մասին, հավանաբար, նախապես չի հաղորդվել։
