Հնդկաստանը չի փոխել ավիավառելիքի ներքին գները
Հնդկաստանի պետական նավթավերամշակող ընկերություններն ավիաընկերությունների դիմումից հետո անփոփոխ են թողել ներքին չվերթների համար նախատեսված ավիացիոն վառելիքի գները։ Այդ մասին հայտնում է Bloomberg-ը։
Լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պետական նավթավերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հայտարարությունների համաձայն՝ հունիսին ներքին ավիաչվերթների համար վառելիքի գինը Նյու Դելիում կմնա 104 927 ռուփի (1 104.25 ԱՄՆ դոլար)՝ մեկ կիլոլիտրի դիմաց։ Հոդվածում նշվում է, որ ապրիլին, այսպես կոչված, ավիացիոն տուրբինային վառելիքի գինը բարձրացվել էր 8.6%-ով, իսկ մայիսին իշխանությունները պահանջել էին պահպանել այն նույն մակարդակի վրա։
Վերամշակող ընկերությունները նաև լրացուցիչ արտոնություն են տրամադրել հնդկական ավիաընկերություններին՝ նվազեցնելով միջազգային չվերթների համար նախատեսված ավիավառելիքի գները։ Սակայն, ինչպես նշում է Bloomberg-ը, ընկերությունների ներկայացուցիչները դեռևս չեն հրապարակել նվազեցման չափը։
Հիշեցնենք՝ անցյալ ամիս հնդկական ավիափոխադրողները դիմել էին նավթավերամշակող ընկերություններին, այդ թվում՝ Indian Oil Corporation և Bharat Petroleum Corporation ընկերություններին, խնդրելով չբարձրացնել ներքին չվերթների համար վառելիքի գները մինչև Մերձավոր Արևելքում պատերազմի ավարտը։ Bloomberg-ի տվյալներով՝ խոշոր ավիաընկերությունները ստիպված էին մարտ և ապրիլ ամիսներին կրճատել չվերթների քանակը պահանջարկի նվազման պատճառով, քանի որ աճած ծախսերը փոխանցել էին ուղևորներին՝ ավիատոմսերի թանկացման միջոցով։
Bloomberg-ը գրում է, որ Հնդկաստանը մեծապես կախված է նավթի և նավթամթերքի ներմուծումից, իսկ Մերձավոր Արևելքի հակամարտությամբ պայմանավորված՝ գների կտրուկ աճը լուրջ ճնշում է գործադրում երկրի տնտեսության վրա։
Հոդվածի համաձայն՝ պետական նավթավերամշակող ընկերությունները կրում են զգալի վնասներ, ինչի հետևանքով ստիպված են բարձրացնել տարբեր տեսակի վառելիքների, այդ թվում՝ բենզինի գները՝ աճած ծախսերը մասամբ փոխհատուցելու նպատակով։
