Չինական էլեկտրամոբիլները Եվրոպայում կտրուկ էժանանում են
Չինական էլեկտրամոբիլների սեփականատերերը բախվել են վերավաճառքի ցածր գների խնդրին։
Եվրոպական շուկայում չինական էլեկտրամոբիլներն ու լիցքավորվող հիբրիդները արժեքը կորցնում են երկու անգամ ավելի արագ, քան մյուս ավտոմեքենաները։ Այդ մասին հայտնում է Carscoops-ը։ Խնդիրը վերաբերում է ինչպես նոր, այնպես էլ օգտագործված մեքենաներին։
Պարբերականի տվյալներով՝ իրավիճակը ազդում է բոլորի վրա․ սեփականատերերը trade-in-ի դեպքում ստանում են զարմանալիորեն ցածր առաջարկներ, լիզինգային ընկերությունները բախվում են չնախատեսված կորուստների, իսկ արտադրողները ստիպված են փոխհատուցել գների անկումը հետգնման երաշխիքային ծրագրերի միջոցով։
Մարտին Վայսը՝ Deutsche Automobil Treuhand GmbH գերմանական ընկերության ներկայացուցիչը, խնդիրը բացատրում է անորոշությամբ։
Շատ եվրոպացի գնորդներ կասկածում են, թե արդյոք չինական բրենդները երկարաժամկետ կմնան շուկայում։ Նրանց մտահոգում են սպասարկման, պահեստամասերի մատակարարման և դիլերական ցանցերի հետ կապված հարցերը։ Այս ամենը ստիպում է օգտագործված մեքենաների գնորդներին կրկնակի մտածել նախքան չինական էլեկտրամոբիլ գնելը։
Միաժամանակ արժեզրկվում են ոչ միայն չինական էլեկտրամոբիլները։ Մեծ Բրիտանիայում երեք տարվա հնության էլեկտրամոբիլների միջին արժեքը կազմում է դրանց սկզբնական գնի ընդամենը 38%-ը։ Համեմատության համար՝ բենզինային ավտոմեքենաների դեպքում այդ ցուցանիշը 45% է, իսկ հիբրիդների դեպքում՝ 51%։
Շուկայի վրա ճնշում են գործադրում նոր մոդելների նկատմամբ կիրառվող խոշոր զեղչերը, որոնք արտադրողները ստիպված են առաջարկել՝ էլեկտրամոբիլների վաճառքի վերաբերյալ իշխանությունների պահանջները կատարելու համար։
Բացի այդ, չինական ավտոմոբիլային ապրանքանիշերն իրենց մոդելները թարմացնում են այնքան արագ, որ երեկվա նորույթներն արդեն մի քանի ամիս անց տեխնոլոգիական առումով հնացած են թվում։ Սա ևս բացասաբար է անդրադառնում դրանց մնացորդային արժեքի վրա։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

