Եվրահանձնաժողովը տեխնոլոգիական ինքնիշխանության հասնելու նոր կանոններ է առաջարկել
Եվրոպան նախատեսում է նոր կանոնների միջոցով նվազեցնել կախվածությունն օտարերկրյա տեխնոլոգիաներից։ Չորեքշաբթի Եվրոպական հանձնաժողովը ներկայացրել է կանոնների նոր փաթեթ, որն ուղղված է միկրոչիպերի, արհեստական բանականության և ամպային ծառայությունների սեփական արտադրության ու զարգացման խթանմանը, հայտնում է CNBC-ն։
Նախաձեռնությունը մշակվել է տարածաշրջանի՝ տեխնոլոգիական ինքնիշխանության հասնելու և ԱՄՆ-ից ու Չինաստանից ստացվող ապրանքներից ու ծառայություններից բարձր կախվածությունը նվազեցնելու ձգտման ֆոնին։
Առաջարկվող միջոցառումները, որոնք պետք է ստանան Եվրամիության անդամ բոլոր 27 պետությունների հավանությունը, ներառում են առաջատար չիպերի արտադրության և տեղական ամպային հաշվարկների զարգացմանն աջակցող քայլեր։
Աճող աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Եվրոպայում ավելի հաճախ են հնչում կոչեր՝ հրաժարվելու կարևորագույն տեխնոլոգիաների ոչ եվրոպական մատակարարներից։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարության մեջ նշել է.
«Մենք չենք կարող մեզ թույլ տալ կախված լինել ուրիշներից այն տեխնոլոգիաների հարցում, որոնք ապահովում են մեր հիվանդանոցների աշխատանքը, էներգետիկ ցանցերի կայունությունը և ծառայությունների անվտանգությունը»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրոպական միությունը քննարկում է կանոնների ներդրման հնարավորությունը, որոնք կսահմանափակեն անդամ երկրների կառավարությունների կողմից ամերիկյան ամպային ծառայություններ մատուցողների օգտագործումը՝ գաղտնի տվյալների մշակման համար։
Ներկայում ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունները գերիշխող դիրք են զբաղեցնում եվրոպական շուկայում։
