ԶԻՆԱՊԱՀԸ ներկայացրեց 2025 թվականի տարեկան հաշվետվությունն ու 2026 թվականի առաջին եռամսյակի արդյունքները
ԶԻՆԱՊԱՀ Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամն անցկացրեց իր ամենամյա մամուլի ասուլիսը՝ ներկայացնելով 2025 թվականի գործունեության արդյունքները, 2026 թվականի առաջին եռամսյակի հիմնական ցուցանիշները, ռազմավարական առաջնահերթություններն ու ընթացիկ օրենսդրական նախաձեռնությունները։
Բացման խոսքով հանդես եկավ ԶԻՆԱՊԱՀԻ հանրային կապերի և հաղորդակցության տնօրեն Լիլյա Գրիգորյանը՝ ներկայացնելով հիմնադրամի առաքելությունն ու գործունեության հիմնական ուղղությունները։ Նա ընդգծեց, որ 2017 թվականից ի վեր ԶԻՆԱՊԱՀԸ շարունակում է ապահովել երկարաժամկետ ֆինանսական հատուցումներ հայրենիքի պաշտպանության ընթացքում զոհված, անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների ընտանիքներին և զինհաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին։ ԶԻՆԱՊԱՀԻ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Իրինա Սեյլանյանը ներկայացրեց հիմնադրամի ռազմավարական առաջնահերթություններն ու պետական մարմինների հետ իրականացվող օրենսդրական աշխատանքները։
Նա տեղեկացրեց, որ հանրային քննարկման է ներկայացվել օրենսդրական նախագիծ, որով առաջարկվում է փոխել 2008–2016 թվականներին տեղի ունեցած դեպքերի ֆինանսավորման գործող կարգը։ Նախագծի ընդունման դեպքում տվյալ ժամանակահատվածի շահառուների հատուցումները ամբողջությամբ կիրականացվեն ԶԻՆԱՊԱՀԻ կողմից՝ պահպանելով օրենքով սահմանված բոլոր իրավունքներն ու երաշխիքները։

Իրինա Սեյլանյանը նաև անդրադարձավ Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի և ՀՀ առողջապահության նախարարության հետ իրականացվող աշխատանքներին՝ ԶԻՆԱՊԱՀԻ շահառուներին առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառելու ուղղությամբ։
Ներկայացվեցին նաև Հոգաբարձուների խորհրդի կողմից ընդունված մի շարք սոցիալական նախաձեռնություններ, այդ թվում՝ մանկուց հաշմանդամություն ունեցող երեխաներ խնամող ընտանիքների աջակցության ընդլայնումը, նորածին երեխաներ ունեցող շահառու ընտանիքներիլրացուցիչ աջակցությունը և հաշմանդամություն ունեցող զինծառայողների համար նախատեսված աջակցող միջոցների ֆինանսավորման ծրագրերը։
ԶԻՆԱՊԱՀԻ գլխավոր գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանը ներկայացրեց հիմնադրամի գործունեության և ֆինանսական արդյունքների հաշվետվությունը։

2025 թվականի ավարտի դրությամբ ԶԻՆԱՊԱՀԸ հատուցումներ է տրամադրել 5,510 շահառուի, և հիմնադրումից ի վեր տրամադրված հատուցումների ընդհանուր ծավալը գերազանցել է 106 միլիարդ դրամը։ Միայն 2025 թվականի ընթացքում աջակցություն է տրամադրվել 28 նոր դեպքի ի համեմատ 2024 թվականի 284 նոր դեպքերի։
Ֆինանսական արդյունքների համաձայն՝ 2025 թվականին հիմնադրամի ընդհանուր եկամուտը կազմել է մոտ 62 միլիարդ դրամ, աճելով 13 տոկոսով, իսկ ծախսերը նվազել են 10 տոկոսով՝ կազմելով մոտ 20 միլիարդ դրամ։ Արդյունքում արձանագրվել է եկամուտների և ծախսերի միջևհիմնադրամի գործունեության ողջ ընթացքում ամենամեծ դրական տարբերությունը։
Կարինե Սարգսյանը կարևորեց նաև ակտիվների կառավարման ոլորտում գրանցված առաջընթացը։ 2025 թվականին ակտիվների կառավարման եկամուտը կազմել է մոտ 13 միլիարդ դրամ, ինչը 35 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը և վկայում է հիմնադրամի ֆինանսական կայունության շարունակական ամրապնդման մասին։
Անդրադառնալով 2026 թվականի առաջին եռամսյակի արդյունքներին՝ նա նշեց, որ պարտադիր դրոշմանիշային վճարների կառուցվածքային փոփոխությունների հետևանքով հիմնադրամի եկամուտները կազմել են 11.4 միլիարդ դրամ։ Միաժամանակ ընդգծվեց, որ փոփոխությունները
որևէ ազդեցություն չեն ունեցել շահառուների նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարման վրա․ բոլոր հատուցումները շարունակվում են տրամադրվել ամբողջ ծավալով և անխափան կերպով։
2026 թվականի առաջին եռամսյակում ակտիվների կառավարման եկամուտները կազմել են շուրջ 3.7 միլիարդ դրամ, ինչը 29 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Ներկայումս ԶԻՆԱՊԱՀԻ կառավարման ներքո գտնվում է ավելի քան 156 միլիարդ դրամի ակտիվ, ինչը հանդիսանում է հիմնադրամի երկարաժամկետ ֆինանսական կայունության կարևոր երաշխիք։
Ասուլիսի ավարտին ԶԻՆԱՊԱՀԻ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Իրինա Սեյլանյանը ՀՀ պաշտպանության նախարարի որոշմամբ պարգևատրվեց «Ռազմական համագործակցության համար» մեդալով՝ բանակ-հասարակություն կապի ամրապնդման գործում զգալի ներդրում
ունենալու համար:

Մամուլի ասուլիսի ավարտին բանախոսները պատասխանեցին լրագրողների հարցերին և վերահաստատեցին ԶՒՆԱՊԱՀԻ հանձնառությունը՝ շարունակելու զարգացնել սոցիալական պաշտպանության համակարգը, ամրապնդել ֆինանսական կայունությունը և ապահովել շահառուների իրավունքների լիարժեք պաշտպանությունը։
