Snap-ը ներկայացրել է նոր լրացված իրականության ակնոցներ՝ 2195 դոլար արժողությամբ
Snap ընկերության ղեկավար Էվան Շպիգելը ներկայացրել է լրացված իրականության նոր ակնոցները՝ Specs-ը, որոնց արժեքը կազմում է 2195 դոլար: Այս մասին հայտնում է CNBC-ն։ Սարքը նախատեսված է լայն սպառողական լսարանի համար և կոչված է փոխարինելու սմարթֆոններին, որոնց էկրաններից օգտատերերը, ըստ ընկերության, արդեն հոգնել են։
Նորույթը գնորդների համար կարժենա ավելի քան 15 անգամ թանկ, քան 2016 թվականին թողարկված Spectacles ակնոցների առաջին տարբերակը։ Շպիգելի խոսքով՝ առաջին iPhone-ի թողարկումից գրեթե 20 տարի անց մարդիկ «պատրաստ են այլ կերպ մտածել թվային տեխնոլոգիաների մասին»։
Specs ակնոցներն ունեն թափանցիկ ոսպնյակներ, որոնք թույլ են տալիս թվային բովանդակությունը համատեղել իրական աշխարհի հետ, ապահովում են մինչև չորս ժամ ինքնավար աշխատանք և ինտեգրված են արհեստական բանականության գործիքների հետ, որոնք մշակվել են Anthropic և OpenAI ընկերությունների կողմից։ Սարքի վաճառքը ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում նախատեսվում է սկսել այս տարվա ավելի ուշ շրջանում։
Խելացի ակնոցների շուկայում արդեն առկա են լուրջ մրցակիցներ, այդ թվում՝ Meta-ի հաջողված Ray-Ban մոդելը, ինչպես նաև Google-ի կողմից մշակվող արհեստական բանականությամբ ակնոցները։
Ի տարբերություն այս տեխնոլոգիական հսկաների, որոնք զգալի եկամուտներ են ստանում գովազդից, Snap-ը բորսայում հայտնվելուց ի վեր ամեն տարի ֆինանսական կորուստներ է գրանցում և շարունակում է պայքարել ներդրողների ուշադրությունը գրավելու համար։
Փորձագետների գնահատմամբ՝ բարձր գնաճի ներկայիս պայմանները այնքան էլ նպաստավոր չեն թանկարժեք պրեմիում դասի սարքերի թողարկման համար, հատկապես հաշվի առնելով, որ Snap-ի հիմնական լսարանը ավանդաբար երիտասարդ օգտատերերն են։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

