Առաջին կոմերցիոն քվանտային համակարգիչների հայտնվելուն Amazon-ը սպասում է առաջիկա 5-7 տարիների ընթացքում
Կոմերցիոն օգտագործման համար պատրաստ առաջին քվանտային համակարգիչները կհայտնվեն 5-7 տարիների ընթացքում։ Այդ մասին CNBC-ին հայտնել է Amazon-ի թոփ-մենեջեր Փիթեր Դեսանտիսը, որը պատասխանատու է այս ուղղության համար։
Դեսանտիսն այս տարի գլխավորել է Amazon-ի նոր ստորաբաժանումը, որը միավորում է արհեստական բանականության ոլորտի գործունեությունը, չիպերի մշակման բիզնեսը և քվանտային հաշվարկների ուղղությունը։
Նրա խոսքով՝ հետագայում այս տեխնոլոգիայի զարգացումը տեղի կունենա կիսահաղորդչային արդյունաբերության էվոլյուցիայի նմանությամբ։
«Դա շատ նման կլինի «Մուրի օրենքին». քվանտային համակարգիչների հնարավորությունները տարեցտարի կաճեն, և դրանք կկարողանան լուծել ավելի ու ավելի բարդ ու հետաքրքիր խնդիրներ», – նշել է նա։
«Մուրի օրենքը» ենթադրում է, որ ինտեգրալ սխեմայի վրա տրանզիստորների քանակը մոտավորապես կրկնապատկվում է յուրաքանչյուր երկու տարին մեկ։
Դեսանտիսը նաև ընդգծել է, որ տարածված թյուր կարծիք կա, թե քվանտային համակարգիչը պարզապես ավելի արագ համակարգիչ է։
«Բոլորովին այդպես չէ։ Քվանտային համակարգիչը կկարողանա լուծել խնդիրների հատուկ դաս, որոնց հետ սովորական համակարգիչները բավարար արդյունավետությամբ չեն կարողանում աշխատել, և այդ խնդիրները կլուծի զգալիորեն ավելի լավ», – նշել է նա։
Քվանտային հաշվարկների ոլորտը դառնում է ավելի մրցակցային։ Բացի Amazon-ից, այս տեխնոլոգիայի վրա աշխատում են նաև Microsoft, Google (պատկանում է Alphabet ընկերությանը) և IBM։
Google-ի այս ուղղության ներկայացուցիչը դեռ 2025 թվականին CNBC-ին հայտնել էր, որ տեխնոլոգիայի գործնական կիրառումը կսկսվի 5 տարվա ընթացքում։ Microsoft-ը, իր հերթին, նախատեսում է մինչև 2029 թվականը ստեղծել քվանտային համակարգիչ, որը կկարողանա լուծել կոմերցիոն խնդիրներ։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

