ԵՄ-ն և Չինաստանը սկսել են խորհրդակցություններ վարել առևտրային ամենազգայուն հարցերի շուրջ
Եվրահանձնաժողովի առևտրի հարցերով հանձնակատար Մարոշ Շեֆչովիչը Բրյուսելում անցկացրել է առաջին խորհրդակցական հանդիպումը Չինաստանի առևտրի նախարար Վան Վենտաոյի հետ՝ քննարկելու առևտրի և ներդրումների հարցերը՝ այս ոլորտներում առկա լուրջ տարաձայնությունների ֆոնին։
Լրագրողների հետ զրույցում եվրահանձնակատարը կարևորել է արդեն կայացած և առաջիկայում սպասվող բանակցությունները՝ նշելով, որ դրանք, իր կարծիքով, «օգնում են խուսափել ավելորդ լարվածությունից»։
«Այսօր մենք մեկնարկում ենք առևտրի և ներդրումների հարցերով խորհրդակցությունները՝ որպես հատուկ հարթակ, որը նախատեսված է մեր կողմից բացահայտված խնդիրների կառուցվածքային լուծման համար չորս հիմնական ուղղություններով՝ առևտրի և ներդրումների հավասարակշռում, արտահանման վերահսկողություն, մտավոր սեփականության իրավունքներ և Առևտրի համաշխարհային կազմակերպության բարեփոխում», – հայտարարել է Շեֆչովիչը։
Նրա խոսքով՝ առևտրի և ներդրումների հավասարակշռման հարցերով առաջին աշխատանքային խմբի շրջանակում կողմերը պայմանավորվել են անհապաղ ստեղծել առևտրային հոսքերի համատեղ մոնիթորինգի մեխանիզմ, որը կծառայի որպես երկկողմ առևտրի հավասարակշռման գործիք։
«Երկրորդ աշխատանքային խմբի շրջանակում ես ողջունում եմ նախարարի հավաստիացումը, որ հազվագյուտ հողային մետաղների և մշտական մագնիսների արտահանման նկատմամբ գործող վերահսկողությունը չի խաթարի Եվրամիության մատակարարման շղթաները։ Միաժամանակ ես առաջարկել եմ միջոցներ, որոնք թույլ կտան ավելի պարզեցնել ԵՄ ընկերությունների համար լիցենզավորման գործընթացը», – նշել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը։
Շեֆչովիչի խոսքով՝ եվրոպական կողմի նպատակը հենց սկզբից հստակ էր՝ «սկսել Եվրամիության և Չինաստանի միջև առևտրային հարաբերությունների հավասարակշռման գործընթացը»։
Եվրահանձնակատարը բանակցությունները բնութագրել է որպես «ինտենսիվ, նպատակային և կառուցողական»։
«Այժմ մեր թիմերը կակտիվացնեն աշխատանքը, իսկ աշնանը ես կայցելեմ Պեկին՝ գնահատելու ձեռք բերված առաջընթացը։ Նրանք ունեն հստակ մանդատ և հավակնոտ ժամանակացույց՝ մինչև հոկտեմբեր շոշափելի արդյունքների հասնելու համար», – եզրափակել է ԵՄ առևտրի հարցերով հանձնակատարը։
