Երեք մասնագիտություն, որոնցում կարելի է տարեկան վաստակել մինչև 100 հազար դոլար՝ առանց բարձրագույն կրթության
ԱՄՆ-ում բարձրագույն կրթության միջին արժեքը 2000 թվականից ի վեր կրկնապատկվել է: Այս մասին գրում է The Independent-ը։ Պարբերականը ներկայացրել է երեք մասնագիտություն, որոնց համար պաշտոնապես բարձրագույն կրթության դիպլոմ չի պահանջվում, սակայն հնարավոր է տարեկան վաստակել մոտ 100 հազար դոլար։
Առաջին մասնագիտությունը էլեկտրիկն է։ Նրա հիմնական պարտականություններն են էլեկտրամատակարարման, կապի, լուսավորության և ավտոմատացման համակարգերի տեղադրումը, տեխնիկական սպասարկումն ու վերանորոգումը։
«Էլեկտրիկների միջին աշխատավարձը 100 հազար դոլարից ցածր է, սակայն ամենաբարձր վարձատրվող մասնագետները կարող են հասնել այդ մակարդակին, հատկապես եթե ունեն լիցենզիա, աշխատում են արտաժամյա, անդամակցում են արհմիությանը կամ փորձ ունեն առևտրային և արդյունաբերական օբյեկտներում», – The Independent-ին ասել է էլեկտրիկ և հայտնի YouTube-բլոգեր Կարլ Մուրավսկին, որն ունի ավելի քան 200 հազար բաժանորդ։
ԱՄՆ Աշխատանքի վիճակագրության բյուրոյի տվյալներով՝ մինչև 2034 թվականը էլեկտրիկների աշխատատեղերի թիվը կաճի 9%-ով, ինչը զգալիորեն գերազանցում է բոլոր մասնագիտությունների միջին աճի տեմպը։
Հոդվածում նշվում է, որ Էլեկտրիկների միջազգային եղբայրության (International Brotherhood of Electrical Workers) անդամները որոշ քաղաքներում, օրինակ՝ Սան Ֆրանցիսկոյում և Սան Խոսեում, կարող են տարեկան վաստակել մինչև 182 500 դոլար։
Երկրորդ մասնագիտությունը, որը հնարավորություն է տալիս առանց բարձրագույն կրթության տարեկան ստանալ առնվազն 100 հազար դոլար, վերելակների տեխնիկական սպասարկման մասնագետն է։
ԱՄՆ Աշխատանքի վիճակագրության բյուրոյի տվյալներով՝ այս ոլորտի մասնագետների միջին տարեկան աշխատավարձը կազմում է 106 580 դոլար, իսկ առաջիկա ութ տարիներին ոլորտում աշխատատեղերի թիվը կանխատեսվում է, որ կավելանա 5%-ով։
Այս մասնագետները զբաղվում են վերելակների, էսկալատորների, շարժվող մայթերի (տրավոլատորների) և նմանատիպ սարքավորումների տեղադրմամբ, տեխնիկական սպասարկմամբ և վերանորոգմամբ։
Երրորդ բարձր վարձատրվող մասնագիտությունը, որի համար նույնպես բարձրագույն կրթություն պարտադիր չէ, բիզնեսի համար տեխնոլոգիական լուծումների վաճառքի մասնագետն է։
Սովորաբար կարիերան սկսվում է վաճառքների զարգացման մասնագետի պաշտոնից, իսկ ամենաբարձր եկամուտները ստանում են հաճախորդների հետ աշխատանքի մենեջերները (Account Manager)։
Նրանց հիմնական պարտականություններն են նոր հաճախորդների որոնումը, ներկայացումների անցկացումը, կորպորատիվ հաճախորդների հետ հանդիպումների կազմակերպումը և գործարքների կնքումը։
Economic Research Institute-ի տվյալներով՝ այս ոլորտում միջին տարեկան եկամուտը կազմում է 99 069 դոլար՝ ներառյալ միջինում 20 081 դոլարի բոնուսը։ Հինգ տարվա աշխատանքային փորձից հետո միջին աշխատավարձն աճում է 14%-ով՝ հասնելով տարեկան 112 528 դոլարի։
