ԱՄՆ-ի ամենահարուստ ընտանիքներից յուրաքանչյուրի կարողությունը գերազանցում է 10 միլիարդ դոլարը
Forbes-ը հրապարակել է ԱՄՆ-ի ամենահարուստ ընտանիքների նոր վարկանիշը, որում ընդգրկվել է ամերիկացի գործարարների ռեկորդային թվով՝ 54 ընտանեկան դինաստիա, որոնցից յուրաքանչյուրի կարողությունը գերազանցում է 10 միլիարդ դոլարը։ Համեմատության համար՝ նախորդ՝ 2024 թվականի ցուցակում այդպիսի ընտանիքները 45-ն էին։
Դինաստիաների մեծ մասն արդեն ներառում է առնվազն չորս սերունդ։ Իսկ DuPont քիմիական կորպորացիան կառավարող Դյուպոնների ընտանիքում արդեն փոխվել է ինը սերունդ։
Ամերիկյան ընտանեկան դինաստիաների համատեղ կարողությունը հասել է 1.9 տրիլիոն դոլարի, ինչը 600 միլիարդ դոլարով ավելի է, քան 2024 թվականին։
Կապիտալի աճի անվիճելի առաջատարը Ուոլթոնների ընտանիքն է։ Սեմ Ուոլթոնի և նրա եղբոր՝ Բադ Ուոլթոնի ժառանգների կարողությունը վերջին երկու տարվա ընթացքում աճել է 253 միլիարդ դոլարով՝ հասնելով 520 միլիարդ դոլարի։
Երկրորդ տեղում է Քոխների ընտանիքը, որը տիրապետում է Koch Industries-ին։ Ընտանիքի կարողությունը գնահատվում է 157 միլիարդ դոլար։
Երրորդ հորիզոնականում է Մարս ընտանիքը՝ 129 միլիարդ դոլար կարողությամբ։ Ընտանիքին պատկանող Mars Inc. ընկերությունը համարվում է աշխարհում հրուշակեղենի և ընտանի կենդանիների կերի խոշորագույն արտադրողներից մեկը։ Նրա տարեկան վաճառքի ծավալը կազմում է մոտ 65 միլիարդ դոլար։
