ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները
«ԱՄՆ ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչությունը (OFAC) պատժամիջոցներ է կիրառել իրանցի ֆինանսական միջնորդ Ալի Անսարիի նկատմամբ, որը վերահսկում է ակտիվների լայնածավալ միջազգային ցանց՝ ի շահ Իրանի առաջնորդ Մոջթաբա Խամենեիի և վարչակարգի այլ բարձրաստիճան ներկայացուցիչների», – ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
Գերատեսչության տվյալների համաձայն՝ պատժամիջոցների ցանկում ընդգրկված կազմակերպությունները գրանցված են Իրանում, Հոնկոնգում, Արաբական Միացյալ Էմիրություններում և այլուր։
«Այսօր OFAC-ը նաև պատժամիջոցներ է սահմանել իրանական խոշոր փոխանակման տների նկատմամբ, որոնք ամեն տարի միլիարդավոր դոլարներ են տեղափոխում՝ պատժամիջոցների տակ գտնվող իրանական բանկերի շահերից ելնելով և օգտագործելով կեղծ ընկերությունների շղթաներ՝ վարչակարգի անօրինական ֆինանսական գործունեությունը քողարկելու նպատակով», – նշվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հուլիսի 8-9-ին ամերիկյան զինված ուժերը մի շարք լայնածավալ հարվածներ են հասցրել Իրանի տարածքին։ ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունում հայտարարել էին, որ այդ գործողությունները պատասխան էին Իրանի քայլերին՝ կապված Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի նկատմամբ իրականացված գործողությունների հետ։ Ի պատասխան՝ Իրանը հարվածներ է հասցրել ԱՄՆ ռազմաբազաներին Քուվեյթում, Բահրեյնում և Հորդանանում։
Այս միջադեպը երկու երկրների միջև լարվածության սրման երկրորդ դեպքն էր հունիսի կեսերին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ հուշագրի ստորագրումից հետո։ Միաժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրերս հայտարարել է, որ հրադադարի ռեժիմն այլևս չի գործում։
