Samsung-ը սկսել է Tesla-ի նոր արհեստական բանականության չիպերի արտադրության նախապատրաստական աշխատանքները
Հարավկորեական Samsung Electronics-ը սկսել է ամերիկյան Tesla ընկերության նոր AI5 արհեստական բանականության (AI) չիպերի արտադրության նախապատրաստական աշխատանքները։
Վերջերս Samsung-ի բարձրաստիճան ղեկավարներից մեկը LinkedIn սոցիալական ցանցում հայտնել էր, որ ընկերությանը փոխանցվել է այդ չիպերի զանգվածային արտադրության վերջնական նախագծային փաստաթղթերի փաթեթը։ Նրա խոսքով՝ պրոցեսորները կարտադրվեն Samsung-ի՝ Թեյլոր քաղաքում (Տեխաս) գտնվող գործարանում՝ 2 նանոմետր տեխնոլոգիական գործընթացի կիրառմամբ։ Արտադրական հարթակի գործարկումը նախատեսված է 2026 թվականին, իսկ խոշոր հաճախորդների համար զանգվածային արտադրությունը կմեկնարկի հաջորդ տարի։
AI5-ը Tesla-ի սեփական մշակման չիպն է։ Ակնկալվում է, որ այն կօգտագործվի ընկերության Full Self-Driving (FSD) վարորդին աջակցող համակարգում, Optimus մարդանման ռոբոտներում, ինչպես նաև Tesla-ի տվյալների կենտրոններում։
Սպասվում է, որ AI5 չիպերի ինտեգրումը Tesla-ի նոր արտադրանքներում կիրականացվի մոտ ապագայում։
