Չինաստանում մարդանման ռոբոտների արտադրությունը 2026 թվականին կարող է գերազանցել 100 հազարը
Չինաստանում 2026 թվականին մարդանման ռոբոտների արտադրության ծավալը կարող է գերազանցել 100 հազար միավորը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Արդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության Գիտության և տեխնոլոգիաների վարչության պետի տեղակալ Գան Սյաոբինը։
Նա այդ հայտարարությունն արել է 2026 թվականի Արհեստական բանականության համաշխարհային համաժողովից (World Artificial Intelligence Conference, WAIC) առաջ կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում, հաղորդում է Xinhua գործակալությունը։
Գան Սյաոբինի խոսքով՝ արհեստական բանականության (AI) վրա հիմնված կիրառությունների և AI էկոհամակարգերի շարունակական զարգացումը խթանում է արագ աճող ռոբոտաշինության ոլորտը՝ հզոր ազդակ հաղորդելով երկրի զարգացմանը։ Նրա ներկայացրած տվյալներով՝ Չինաստանի խոշոր արդյունաբերական ձեռնարկություններում AI լուծումների ներդրման մակարդակն արդեն գերազանցել է 30%-ը։
WAIC-ը կանցկացվի Շանհայում հուլիսի 17-20-ը՝ «AI-ի գործընկերություն՝ հանուն լուսավոր ապագայի» կարգախոսով։
Համաժողովը կներառի վեց հիմնական թեմատիկ բաժին, իսկ մասնակցության համար գրանցվել է ավելի քան 1,1 հազար ընկերություն։ Ակնկալվում է, որ միջոցառման ընթացքում կներկայացվի ավելի քան 3 հազար ցուցանմուշ, որոնցից ավելի քան 300 արտադրանքն առաջին անգամ կցուցադրվի համաշխարհային մակարդակով։
