ԱՄՆ-ի տնտեսությունը բախվել է վստահության ճգնաժամի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այդպես էլ չի իրականացրել իր նախընտրական հիմնական խոստումներից մեկը՝ ավելացնել գործարանային աշխատատեղերի թիվը և բարձրացնել միջին խավի կենսամակարդակը։ Այս եզրակացությանն են եկել վերլուծաբանները, որոնց զեկույցին հղում է անում Reuters-ը։
Պարզվել է, որ ԱՄՆ-ում աշխատուժի ընդհանուր թվաքանակը շարունակում է կրճատվել։ Բնիկ բնակչության ծերացման ֆոնին՝ երկրում գնալով պակասում է աշխատանքի անցնելու պատրաստ մարդկանց թիվը։
Արհեստական բանականության ոլորտում կատարված ներդրումներն իսկապես խթանել են զբաղվածությունը շինարարության ոլորտում։ Սակայն աշխատավարձերի վերաբերյալ տվյալները ցույց են տալիս այլ պատկեր. մշակող արդյունաբերությունում աշխատատեղերի թիվը նվազել է՝ համեմատած Ջո Բայդենի նախագահության վերջին ամիսների հետ։ Միաժամանակ ԱՄՆ-ում զգալիորեն կրճատվել է պետական ծառայողների թվաքանակը։
Վարչակազմի համար առանձին գլխացավանք է մնում գնաճը։ Սպիտակ տան փորձերը՝ զսպելու գների աճը, տվել են միայն համեստ արդյունքներ։ Գնաճը դեռևս գերազանցում է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի նպատակային 2% ցուցանիշը։ Իրավիճակն ավելի է բարդացել սահմանված մաքսատուրքերի և Մերձավոր Արևելքում տեղի ունեցած իրադարձություններով պայմանավորված գների կտրուկ աճի հետևանքով։
2026 թվականի երկրորդ եռամսյակում ԱՄՆ-ում կտրուկ նվազել է ընկերությունների ղեկավարների վստահությունը տնտեսության վիճակի նկատմամբ։ Համապատասխան ինդեքսը տարվա առաջին երեք ամիսների ընթացքում 59 կետից ընկել է մինչև 47 կետ։ Հարցման մասնակիցները խոստովանել են, որ տնտեսական իրականությունը շատ ավելի մռայլ է, քան վեց ամիս առաջ։ Նրանք նաև կանխատեսում են գործարար միջավայրի հետագա վատթարացում առաջիկա վեց ամիսների ընթացքում։
