Վրաստանում բարձրացրել են 2026 թվականի գնաճի կանխատեսումը
Վրաստանի ազգային բանկը բարձրացրել է 2026 թվականի միջին տարեկան գնաճի կանխատեսումը՝ այն հասցնելով 5.2%-ի։ Ավելի վաղ կարգավորիչը կանխատեսում էր, որ տարվա ընթացքում գների միջին աճը կկազմի 4.9%։
Դրամավարկային քաղաքականության վերաբերյալ հաշվետվության համաձայն՝ հունիսին Վրաստանում տարեկան գնաճը կազմել է 5.8%, ինչը գրեթե երկու անգամ գերազանցում է Ազգային բանկի նպատակային ցուցանիշը։
Կարգավորիչի գնահատմամբ՝ նպատակային մակարդակի գերազանցման հիմնական պատճառը շարունակում է մնալ էներգակիրների թանկացումը՝ պայմանավորված Մերձավոր Արևելքում պահպանվող անկայունությամբ։
Շարունակվող հակամարտությունները մեծացնում են էներգակիրների գների հետագա աճի ռիսկը։ Միևնույն ժամանակ, Ազգային բանկում նշում են, որ նավթի ներկայիս գները դեռևս մնում են նախորդ սրացումների ժամանակ գրանցված մակարդակներից ցածր։
Կարգավորիչը նաև ուշադրություն է հրավիրում բազային գնաճի աճի վրա, որը չի ներառում առավել տատանվող կատեգորիաները՝ սննդամթերքը, էներգակիրներն ու ծխախոտը։ Հունիսին բազային գնաճը կազմել է 3.2%, իսկ ծառայությունների ոլորտում գնաճը արագացել է՝ հասնելով 4.1%-ի։
ՎԱԲ-ի գնահատմամբ՝ սա վկայում է, այսպես կոչված, երկրորդային ազդեցությունների պահպանվող ռիսկի մասին, երբ վառելիքի և այլ ապրանքների գների սկզբնական աճը տարածվում է ծառայությունների և ապրանքների ավելի լայն շրջանակի վրա։
Ազգային բանկի բազային սցենարի համաձայն՝ գնաճը կսկսի նվազել 2026 թվականի երկրորդ կեսից և 2027 թվականին կմոտենա նպատակային՝ 3% մակարդակին։
Սակայն կարգավորիչը դիտարկում է նաև այլընտրանքային սցենարներ։
Եթե աշխարհաքաղաքական իրավիճակը շարունակի վատթարանալ և հումքային ապրանքների համաշխարհային գները աճեն, ապա գնաճը կարող է գերազանցել բազային կանխատեսումը։ Իսկ եթե միջազգային շուկաներում լարվածությունն ավելի արագ թուլանա, գնային ճնշումները կարող են նվազել, ինչը հնարավորություն կտա ավելի շուտ անցնել տոկոսադրույքների իջեցման։
Այս փուլում կարգավորիչը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ 8.25% մակարդակում։ Այն այս ցուցանիշին հասցվել էր մայիսին՝ վերջին երկու տարվա ընթացքում առաջին անգամ բարձրացվելով՝ Մերձավոր Արևելքում պատերազմի հետևանքով առաջացած ռիսկերի ֆոնին։
ՎԱԲ-ում հայտարարել են, որ բարձր գնաճային ռիսկերի պայմաններում կշարունակեն վարել համեմատաբար խիստ դրամավարկային քաղաքականություն։ Կարգավորիչը նաև զգուշացրել է, որ գնաճային սպասումների և երկրորդային ազդեցությունների ուժեղացման դեպքում կարող է լրացուցիչ խստացնել քաղաքականությունը։
Դրամավարկային քաղաքականության կոմիտեի հաջորդ նիստը նախատեսված է 2026 թվականի սեպտեմբերի 9-ին։
