Իրանը ցանկանում է վճար գանձել Հորմուզի նեղուցի սպասարկման համար
Իրանը քննարկում է եվրոպական երկրներից Հորմուզի նեղուցի սպասարկման համար վճար գանձելու հնարավորությունը՝ որպես այս ռազմավարական նշանակության ջրային ուղու վերաբացման առաջարկի մաս: Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Հրատարակության տվյալներով՝ առաջարկը, որը դեռ վերջնական տեսք չունի, նախատեսում է ստեղծել «կամավոր հիմնադրամ», որը կֆինանսավորվի Պարսից ծոցի երկրների և Միջազգային ծովային կազմակերպության որոշ եվրոպական անդամների կողմից։
Պարսից ծոցի երկրների և Եվրոպայի աղբյուրները The Telegraph-ին հայտնել են, որ առաջարկվող կամավոր վճարումները կօգնեն ծածկել նավագնացության կառավարման, շրջակա միջավայրի պաշտպանության, որոնողա-փրկարարական գործողությունների և Հորմուզի նեղուցում մատուցվող այլ ծառայությունների ծախսերը։
Պարբերականի գնահատմամբ՝ եթե համաձայնությունը ձեռք բերվի, այն կարող է լուծել Դոնալդ Թրամփի համար լուրջ քաղաքական խնդիր՝ թույլ տալով ամիսներ շարունակ նավթի գների աճից և տնտեսական ցնցումներից հետո վերականգնել նավերի երթևեկությունն ու նավթի մատակարարումները Հորմուզի նեղուցով։
The Telegraph-ին հայտնի է դարձել, որ Օմանը նախկինում մերժել էր Իրանի առաջարկը՝ ստեղծելու վճարների գանձման համատեղ համակարգ, քանի որ այն հակասում էր ՄԱԿ-ի Ծովային իրավունքի մասին կոնվենցիային՝ միջազգային ծովային իրավունքի հիմնարար փաստաթղթին, որը Օմանը վավերացրել է, իսկ Իրանը՝ ոչ։
Օմանի առաջարկած ծրագիրը հիմնված է Մալակկայի նեղուցի գործող մեխանիզմների վրա։ Այդ նեղուցը միացնում է Հնդկական և Խաղաղ օվկիանոսները, իսկ Ինդոնեզիան, Մալայզիան և Սինգապուրը նավերին առաջարկում են կամավոր վճարումներ կատարել մատուցվող ծառայությունների դիմաց։
Օմանը եզրակացրել է, որ Պարսից ծոցից էներգակիրների մատակարարումներից կախված պետություններն ու նավատերերը պատրաստ կլինեն կամավոր միջոցներ փոխանցել այդ հիմնադրամին։ The Telegraph-ի գնահատմամբ՝ տարածաշրջանից նավթի և հեղուկացված բնական գազի ներմուծումից առավել կախված եվրոպական երկրներից են Իտալիան, Բելգիան և Ֆրանսիան։
Հրատարակության տվյալներով՝ Հորմուզի նեղուցի՝ որպես հուսալի էներգետիկ երթուղու հնարավոր վերականգնումը, ինչպես նաև Իրանի՝ վճարներ սահմանելու պահանջը հանգեցրել են նրան, որ եվրոպական մի շարք առաջատար պետություններ սկսել են ընդունել, որ նեղուցով անցնող նավերը, հնարավոր է, ստիպված լինեն որոշակի վճարներ կատարել Իրանին և Օմանին։
ՄԱԿ-ում The Telegraph-ի աղբյուրը հայտնել է, որ այս առաջարկը դեռևս պաշտոնապես չի ներկայացվել Միջազգային ծովային կազմակերպության 176 անդամ պետություններից որևէ մեկի կողմից, որոնց թվում են Իրանը, Օմանը և ԱՄՆ-ն։
