Հորմուզի նեղուցի շրջափակումը ճնշում է ԱՄՆ տնտեսությունը
Իրանի հետ պատերազմի հետևանքով Հորմուզի նեղուցի շրջափակումը խաթարել է Մերձավոր Արևելքից էներգակիրների մատակարարումները և թուլացրել ԱՄՆ-ի էներգետիկ առավելությունը, գրում է The Financial Times-ը։
ԱՄՆ-ը շարունակում է մնալ աշխարհում նավթի խոշորագույն արտադրողը, սակայն արդյունահանման աճը գրեթե կանգ է առել։ ԱՄՆ Էներգետիկ տեղեկատվության վարչության կանխատեսմամբ՝ այս տարի արդյունահանումը կավելանա ընդամենը օրական 200 հազար բարելով, մինչդեռ Հորմուզի նեղուցի շրջափակման հետևանքով շուկայից դուրս է մնացել օրական մոտ 20 մլն բարել մատակարարում։
Պատերազմը նաև բարձրացրել է ԱՄՆ-ում վառելիքի գները․ հակամարտության սկզբից բենզինն ու դիզելային վառելիքը թանկացել են շուրջ 40%-ով։ Մայիսին գնաճը հասել է 4.2%-ի՝ երեք տարվա առավելագույնին, իսկ 30-ամյա հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները բարձրացել են 5.98%-ից մինչև 6.65%։
Տնտեսական աճը նույնպես սպասվածից թույլ է։ 2026 թվականի երկրորդ եռամսյակում ՀՆԱ-ն տարեկան կտրվածքով աճել է 1.5%-ով՝ զգալիորեն ցածր կառավարության ավելի բարձր կանխատեսումներից։
S&P Global Energy-ը կանխատեսում է, որ մինչև 2035 թվականը ԱՄՆ-ում նավթի վերամշակման ծավալը կնվազի 7%-ով՝ մինչև օրական 16.7 մլն բարել։ Միաժամանակ ԱՄՆ-ի և Եվրոպայի նավթավերամշակման գործարանները վառելիքի պակասի պատճառով արդեն աշխատում են գրեթե առավելագույն հզորությամբ։
Մինչ պատերազմը Հորմուզի նեղուցով անցնում էր նավթի և հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների մոտ մեկ հինգերորդը։
