Anthropic-ի տարեկանացված հասույթը IPO-ից առաջ գերազանցել է 65 մլրդ դոլարը
Anthropic-ի եկամուտների աճի տեմպերն արագանում են, և հուլիսի վերջի ցուցանիշների հիման վրա ԱԲ ընկերության տարեկանացված հասույթը գերազանցել է 65 մլրդ դոլարը, հաղորդում է Bloomberg-ը։ Գործակալության աղբյուրների խոսքով՝ Anthropic-ն այս տվյալները ներկայացրել է ներդրողների համար հերթական թարմացումների ընթացքում։
Ընկերությունը, որի առաջատար պրոդուկտը Claude ԱԲ մոդելն է, վերջին մեկ տարվա ընթացքում էապես ամրապնդել է իր դիրքերը շուկայում՝ գործարկելով բարդ առաջադրանքների, այդ թվում՝ ծրագրավորման, կատարումը պարզեցնող գործիքներ և կենտրոնանալով կորպորատիվ հաճախորդներին ծառայությունների վաճառքի վրա։
2025 թվականի վերջում Anthropic-ի տարեկանացված հասույթը կազմում էր մոտ 9 մլրդ դոլար։ Մայիսին ընկերությունը հայտնել էր, որ այդ ցուցանիշը գերազանցել է 47 մլրդ դոլարը։
Հունիսին Anthropic-ը ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին (SEC) ներկայացրել է IPO անցկացնելու նախնական հայտ և կարող է բաժնետոմսերի տեղաբաշխում իրականացնել արդեն հոկտեմբերին։ Ընկերության գործող բաժնետերերն ակնկալում են, որ IPO-ի ընթացքում Anthropic-ի գնահատումը կհասնի 2 տրլն դոլարի կամ ավելի, գրել էր Financial Times-ը։ Մայիսյան ներդրումային փուլի շրջանակում ընկերությունը գնահատվել էր 965 մլրդ դոլար։
Անցած շաբաթ Bloomberg-ը հայտնել էր, որ Anthropic-ի հիմնական մրցակից OpenAI-ի տարեկանացված հասույթը, ընթացիկ ցուցանիշների հիման վրա, գերազանցում է 40 մլրդ դոլարը։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

