Գերմանական ավտոբաղադրիչներ արտադրողը դիտարկում է Հնդկաստանում IPO անցկացնելու հնարավորությունը
Ավտոմոբիլային բաղադրիչներ արտադրող գերմանական Mahle GmbH ընկերությունը վերադառնում է իր հնդկական բիզնեսի բաժնետոմսերի առաջնային հրապարակային առաջարկի՝ IPO-ի անցկացման ծրագրերին: Այս մասին հայտնել են իրավիճակին ծանոթ աղբյուրները, գրում է Bloomberg-ը։
Mahle-ն նախնական քննարկումներ է անցկացրել հնարավոր խորհրդատուների հետ՝ Մումբայում բաժնետոմսերի վաճառքի վերաբերյալ, հայտնել են աղբյուրները՝ խնդրելով չբացահայտել իրենց անունները, քանի որ տեղեկությունը գաղտնի է։ Նրանց խոսքով՝ ընկերությունը, հավանաբար, շուտով կնշանակի բանկեր և կսկսի IPO-ի նախապատրաստական աշխատանքները։
Տեղաբաշխման արդյունքում կարող է ներգրավվել մոտ 300-400 մլն դոլար, հայտնել են աղբյուրները։ Նրանք հավելել են, որ քննարկումները շարունակվում են, և մանրամասները՝ ներառյալ հնարավոր ցուցակման ծավալը, կարող են փոխվել։
Mahle-ն դեռ 2024 թվականին դիտարկում էր իր հնդկական բիզնեսը բորսա դուրս բերելու հնարավորությունը, սակայն այն ժամանակ որոշեց չշարունակել գործընթացը։ Ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ Mahle-ն չի մեկնաբանում շուկայական լուրերն ու խոսակցությունները։
Եթե գործարքը կայանա, Mahle-ն կմիանա բազմազգ ընկերությունների աճող խմբին, որոնք ձգտում են օգտվել Հնդկաստանի ֆոնդային շուկայի հնարավորություններից։ Ներդրողների բարձր պահանջարկն ու գրավիչ գնահատականները խթանում են համաշխարհային ընկերություններին իրենց տեղական ստորաբաժանումները բորսա դուրս բերել։
Վերջին տարիներին Hyundai Motor-ը, LG Electronics-ը, Carraro-ն և Tenneco-ն Մումբայում իրականացրել են իրենց հնդկական ստորաբաժանումների բաժնետոմսերի տեղաբաշխում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ այլ ընկերություններ, այդ թվում՝ Hindustan Coca-Cola Beverages-ը, Pernod Ricard India-ն և Carlsberg India-ն, նույնպես գնահատում են հնարավոր տեղաբաշխումների հեռանկարները։
