Փորձագետները նախազգուշացրել են Գերմանիայի պետական պարտքի աճի ռիսկերի մասին
Վարկանիշային գործակալությունների փորձագետները մատնանշել են Գերմանիայի պետական պարտքի աճի ռիսկերը՝ Բունդեսթագի կողմից 2027 թվականի դաշնային բյուջեի նախագծի քննարկման նախաշեմին։
«Թեև Գերմանիան շարունակում է օգտվել ֆինանսավորման համեմատաբար բարենպաստ պայմաններից, երկարաժամկետ կապիտալի շուկայում ավելի բարձր տոկոսադրույքները և փոխառությունների աճը բարձրացնում են պարտքի սպասարկման արժեքը», – Welt am Sonntag-ին հայտարարել է Fitch վարկանիշային գործակալության՝ Գերմանիայի հարցերով փորձագետ Մալգոժատա Վեգները։
Scope վարկանիշային գործակալության վերլուծաբան Յուլիան Ցիմերմանը նշել է, որ եթե բյուջեի մեծ մասը ստիպված լինեն ուղղել տոկոսների վճարմանը, ապա այլ քաղաքական ծրագրերի համար ավելի քիչ միջոցներ կմնան։ Նրա խոսքով՝ այս իրավիճակը երկարաժամկետ հեռանկարում ուժեղացնում է պետական ֆինանսների համախմբման և դեֆիցիտի կրճատման անհրաժեշտությունը։
2027 թվականի բյուջեի նախագիծը, որը Բունդեսթագը կքննարկի հաջորդ շաբաթ, նախատեսում է 555.4 մլրդ եվրոյի ծախսեր։ Նոր զուտ փոխառությունների ծավալը նախատեսված է 118.7 մլրդ եվրոյի մակարդակում։ Բացի այդ, հաշվի են առնվում ենթակառուցվածքների և Բունդեսվերի զարգացման համար նախատեսված հատուկ հիմնադրամների շրջանակում ներգրավվող նոր պարտքերը։ Այսպիսով, նոր պարտքի ընդհանուր ծավալը գնահատվում է մոտ 200 մլրդ եվրո։
Ավելի վաղ Գերմանիայի Դաշնային հաշվեքննիչ պալատը նախազգուշացրել էր կառավարությանը, որ երկիրը կարող է հայտնվել պարտքային ծուղակում։
