Anthropic-ը հրաժարվել է 6 մլրդ դոլարով Decart AI ստարտափը գնելու մտադրությունից
Anthropic-ը որոշել է չգնել արհեստական բանականության ոլորտում գործող իսրայելական Decart AI ստարտափը, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։ Անցած ամիս լրատվական գործակալության զրուցակիցները հայտնել էին, որ Claude-ի մշակող ընկերությունը նախատեսում է իսրայելական ընկերությունը ձեռք բերել 6 մլրդ դոլարով։ Այն ժամանակ նրանք չէին բացառել, որ գործարքը կարող է չկայանալ։
Այժմ աղբյուրները հայտնել են, որ Anthropic-ը հրաժարվել է գործարքից՝ Decart AI-ի համապարփակ ուսումնասիրությունից հետո։ Bloomberg-ի մեկ այլ աղբյուրի խոսքով՝ կողմերը կարող են շարունակել համագործակցության այլ հնարավորությունների որոնումը։
2023 թվականին հիմնադրված Decart-ը մշակում է ծրագրային ապահովում, որը կարող է նպաստել արհեստական բանականության ուսուցման և շահագործման ծախսերի նվազեցմանը՝ բարձրացնելով միկրոչիպերի աշխատանքի արդյունավետությունը։ Ստարտափի ձեռքբերումը կարող էր օգնել Anthropic-ի գործող հաշվարկային ենթակառուցվածքին հաղթահարել աճող պահանջարկը։
Decart-ը մշակել է Lucy մոդելը, որը նախատեսված է իրական ժամանակում տեսանյութերի խմբագրման համար։ Ստարտափն առաջարկում է նաև Oasis մոդելը, որը ստեղծում է միջավայրեր ռոբոտատեխնիկայի և ինքնավար կառավարման համակարգերի ուսուցման ու փորձարկման նպատակով։
Մայիսին ընկերությունը վերջին ֆինանսավորման փուլի ընթացքում ներգրավել է 300 մլն դոլար ներդրում։ Փուլը գլխավորել է Radical Ventures-ը։ Ներդրողների թվում են նաև Sequoia Capital-ը, Benchmark-ը, Zeev Ventures-ը, Nvidia Corp-ը, Atreides Management-ը, Valor Equity Partners-ը և Adobe Ventures-ը։ 2025 թվականի օգոստոսից մինչև 2026 թվականի մայիս Decart-ի գնահատված արժեքն աճել է՝ 3.1 մլրդ դոլարից հասնելով գրեթե 4 մլրդ դոլարի։
Ստարտափի գլխավոր տնօրեն Դին Լեյտերսդորֆը հայտարարել է, որ ընկերությունն իր արհեստական բանականության մոդելները մարզում է տեքստերի և միլիոնավոր ժամերի տեսանյութերի հիման վրա՝ իրական աշխարհի ֆիզիկական հատկությունները մոդելավորելու նպատակով։ Նա հավելել է, որ Decart-ի տեխնոլոգիան կիրառվում է Twitch, TikTok և YouTube հարթակներում ուղիղ հեռարձակումների ընթացքում։ Տեխնոլոգիայից օգտվում են նաև բլոգերներ, գովազդային և այլ ընկերություններ։
Anthropic-ը հազվադեպ է խոշոր ձեռքբերումներ իրականացնում՝ նախընտրելով միջոցներ ներդնել հաշվարկային հզորությունների զարգացման, նոր արտադրանքների ստեղծման և հաճախորդների սպասարկման համար՝ նախքան ֆոնդային բորսա դուրս գալը։ Ընկերությունը նախատեսում է IPO-ի ընթացքում ներգրավել նույնքան միջոցներ, որքան SpaceX-ը։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

