Հնդկաստանում հաջորդ սեզոնին շաքարի արտադրությունը կարող է նվազել մինչև 29 մլն տոննա
Հնդկաստանում հաջորդ սեզոնին շաքարի համախառն արտադրությունը կարող է կազմել 29-31 մլն տոննա՝ Bloomberg-ի հարցմանը մասնակցած վերլուծաբանների, թրեյդերների և ոլորտի ներկայացուցիչների գնահատմամբ։
Ընթացիկ սեզոնի համար Հնդկաստանի շաքարի և բիոէներգիայի արտադրողների ասոցիացիան (Indian Sugar and Bio Energy Manufacturers Association, ISMA) կանխատեսում է 31 մլն տոննա արտադրություն։
Էլ Նինյոյի ուժգնացումը կարող է բացասաբար անդրադառնալ Ասիայի մի շարք երկրների բերքի վրա և նպաստել շաքարի համաշխարհային շուկայում մոտ 260 հազար տոննայի պակասուրդի ձևավորմանը, նախազգուշացրել է Շաքարի միջազգային կազմակերպությունը (International Sugar Organization, ISO)։
Հնդկաստանի գյուղատնտեսությունը մեծապես կախված է մուսոնային տեղումներից, որոնք ներկայում նորմայից 15%-ով ցածր են։
Առաջիկա սեզոնին բերքի նվազման սպասումները նպաստել են շաքարի գների աճին։ Նյու Յորքում շաքարի ֆյուչերսներն այս տարի թանկացել են մոտ 30%-ով։
Ներքին շուկայում ռեկորդային բարձր գները զսպելու նպատակով Հնդկաստանի իշխանությունները թույլատրել են չզտված շաքարի անմաքս ներմուծումը։ Բացի այդ, սահմանափակումներ են մտցվել դիլերների և մեծածախ սպառողների պաշարների նկատմամբ։
«Վերջնական պաշարներ ձևավորելու համար երկրին, հնարավոր է, հաջորդ տարի անհրաժեշտ լինի շաքար ներմուծել։ Ներքին շուկայում ներկայիս գները, ամենայն հավանականությամբ, գործարաններին կխթանեն ավելի շատ շաքար արտադրել՝ էթանոլի փոխարեն»,- Նյու Դելիում ոլորտային համաժողովի շրջանակում հայտարարել է Gradient Commercial Pvt.-ի տնօրենների խորհրդի անդամ Յաթին Վադհվանան։
Bloomberg-ի հարցման 11 մասնակիցներից վեցը կարծում են, որ շաքարը չի ուղղվի էթանոլի արտադրությանը։ Հինգը ենթադրում են, որ գործառնական պաշարները համալրելու համար Հնդկաստանը ստիպված կլինի երկրորդ տարին անընդմեջ շաքար ներմուծել։
Covrig Analytics-ի առաջատար վերլուծաբան Կլաուդիու Կովրիգի գնահատմամբ՝ գործող քվոտայի սպառումից հետո Հնդկաստանը կարող է արդեն հաջորդ տարի սկսել շաքար ներմուծել՝ պաշարները համալրելու նպատակով։ Նրա կանխատեսմամբ՝ արտադրությունը կնվազի նաև 2027/2028 սեզոնին, իսկ ներմուծումը կարող է կազմել 2-3 մլն տոննա։
Հնդկաստանի իշխանությունները ոլորտի ներկայացուցիչներին կոչ են արել շաքարի գները պահպանել ողջամիտ մակարդակում և ապահովել բավարար մատակարարումներ տոնական սեզոնի ընթացքում։ Կառավարությունը մտադիր է ուշադիր հետևել գներին և արտադրության ծավալները վերահսկել ամսական կտրվածքով։
Հնդկաստանն աշխարհում շաքարի խոշորագույն սպառողն է և երկրորդ խոշորագույն արտադրողը։
