Nvidia-ն մինչև 2027-ը Ավստրալիայում կստեղծի տվյալների կենտրոնների ցանց
Գրաֆիկական պրոցեսորներ մշակող Nvidia-ն մինչև 2027 թվականը Ավստրալիայում կստեղծի տվյալների մշակման կենտրոնների ցանց՝ արհեստական բանականության ենթակառուցվածքների ընդլայնման շրջանակում: Այս մասին ասվում է ամերիկյան ընկերության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։
«Nvidia-ն այսօր հայտարարել է ավստրալական Nvidia Cloud Partners (NCPS) զարգացող համակարգի և արհեստական բանականության ենթակառուցվածքների գործընկերների հետ համագործակցության մասին՝ արհեստական բանականության Nvidia DSX գործարանների մի քանի սերունդների տեղակայման համար անհրաժեշտ հողային, էներգետիկ և արտադրական կարողություններն ընդլայնելու նպատակով։ Սա թույլ կտա բավարարել երկրի՝ արհեստական բանականության համար հաշվողական հզորությունների աճող պահանջարկը և մինչև 2027 թվականը հասցնել դրանք 2 գիգավատտի», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ընկերությունը նշում է, որ Ավստրալիայի տարբեր ոլորտներում արհեստական բանականության ինտենսիվ կիրառումը մեծացնում է բարձր արտադրողականությամբ հաշվողական համակարգերի պահանջարկը։ Երկրում արտադրական կարողությունների ընդլայնումը կնպաստի տեղական մշակողների կողմից արհեստական բանականության մոդելների, հավելվածների և AI գործակալների ստեղծմանը, ինչպես նաև կաջակցի էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում լրացուցիչ նախագծերի իրականացմանը։
«Արհեստական բանականության ենթակառուցվածքների լայնածավալ կառուցումը պահանջում է բոլոր մակարդակների՝ տվյալների մշակման կենտրոնների, հաշվողական հզորությունների և ծրագրային ապահովման ինտեգրում», – Nvidia-ի հաղորդագրությունում մեջբերվում են ավստրալական IREN ընկերության համահիմնադիր և համատնօրեն Դանիել Ռոբերտսի խոսքերը։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

