ԱՄՆ տրանսպորտային ընկերությունները նախազգուշացնում են վառելիքի ռեկորդային գների ռիսկերի մասին
ԱՄՆ-ում դիզելային վառելիքի գները հասել են պատմական առավելագույնի, ինչը լուրջ մտահոգություններ է առաջացնում տրանսպորտային ոլորտի ներկայացուցիչների շրջանում: Այս մասին հայտնում է CNBC-ն։
Դիզելային վառելիքի մեկ գալոնի միջին գինը կտրուկ աճել է՝ հասնելով 6.31 դոլարի։ Տարեկան կտրվածքով այն ավելացել է ավելի քան 70%-ով՝ առաջարկի լայնածավալ ցնցման պատճառով։ Փորձագետները նախազգուշացնում են, որ վառելիքի թանկացումն արդեն ընթացիկ եռամսյակում 5-10%-ով կնվազեցնի լոգիստիկ ընկերությունների եկամուտները։ Այս նորությունների ֆոնին խոշոր բեռնափոխադրող ընկերությունների բաժնետոմսերը կտրուկ անկում են գրանցել, իսկ Dow Jones Transportation Average ոլորտային ինդեքսը նվազել է ավելի քան 2%-ով։
«Մենք ականատես ենք լինում վառելիքի գների ամենակտրուկ և անոմալ տատանումներին, որոնք երբևէ տեսել ենք», – նշել է J.B. Hunt լոգիստիկ ընկերության ֆինանսական տնօրեն Բրեդ Դելկոն։
Տրանսպորտային ոլորտն ամերիկյան տնտեսության կարևորագույն բաղադրիչներից է, և ծախսերի ներկայիս աճն անխուսափելիորեն կանդրադառնա սպառողների վրա։ Ակնկալվում է, որ աշնանային բերքահավաքի շրջանում վառելիքի ռեկորդային գինը կհանգեցնի գյուղատնտեսական արտադրողների ծախսերի ավելացմանը, ինչն ի վերջո կուժեղացնի մանրածախ գների վրա գնաճային ճնշումը։
