Հնդկաստանը 25 մլրդ դոլար կներդնի Deep Tech ոլորտում՝ ԱՄՆ-ին և Չինաստանին հասնելու համար
Հնդկաստանը պատրաստվում է 25 մլրդ դոլար ուղղել Deep Tech ոլորտի ստարտափների զարգացմանը՝ փորձելով կրճատել տեխնոլոգիական մրցավազքում ԱՄՆ-ից և Չինաստանից ունեցած հետընթացը, հաղորդում է CNBC-ն։
Վերջին տասնամյակում Հնդկաստանը Deep Tech ոլորտում ներդրել է 11.6 մլրդ դոլար։ Հնդկաստանի վենչուրային և այլընտրանքային կապիտալի ասոցիացիայի նախագահ Ռաջաթ Տանդոնի խոսքով՝ կառավարությունը նախատեսում է ևս 11 մլրդ դոլար ներդնել Հետազոտությունների և զարգացման ենթակառուցվածքների հիմնադրամի միջոցով։ Վենչուրային և մասնավոր կապիտալի ֆոնդերի ներդրումների հետ միասին հասանելի ֆինանսավորման ընդհանուր ծավալը կարող է հասնել 25 մլրդ դոլարի։
Deep Tech-ը ներառում է առաջատար տեխնոլոգիաներով զբաղվող ստարտափներ՝ արհեստական բանականության, կիսահաղորդիչների, անօդաչու թռչող սարքերի և տիեզերական տեխնոլոգիաների ոլորտներում։
CNBC-ի զրուցակից փորձագետների խոսքով՝ ֆինանսավորման ավելացումը պայմանավորված է աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում առաջատար տեխնոլոգիաների ռազմավարական նշանակության աճով։ Արհեստական բանականության համաշխարհային մրցավազքում առաջատար են ԱՄՆ-ն և Չինաստանը, մինչդեռ Հնդկաստանում մտահոգություններ կան ինչպես չինական տեխնոլոգիաների նկատմամբ, այնպես էլ ԱՄՆ-ի արտահանման սահմանափակումներից կախվածության վերաբերյալ։
«Ամերիկյան մաքսատուրքերն իրականում զգալիորեն օգնում են այս հատվածին », — CNBC-ին ասել է Crane Venture Partners-ի կառավարող տնօրեն Անանդամոյ Ռոյչոուդհուրին։ Նրա խոսքով՝ Հնդկաստանը զարգացնելու է սեփական Deep Tech ընկերությունները՝ հաշվի առնելով կարևոր տեխնոլոգիաների հասանելիության հնարավոր սահմանափակումները։
Այս մտահոգություններն ուժեղացել են նաև այն բանից հետո, երբ Anthropic-ը, ԱՄՆ արտահանման վերահսկողության պահանջներին համապատասխան, օտարերկրյա քաղաքացիների համար սահմանափակել է իր նոր՝ Fable 5 և Mythos 5 մոդելների հասանելիությունը։
