Չինաստանը ուժեղացնում է հարկային ճնշումը հարուստ քաղաքացիների և խոշոր ընկերությունների նկատմամբ
Չինաստանի հարկային մարմինները կտրուկ ուժեղացրել են վերահսկողությունը երկրի ամենահարուստ քաղաքացիների և խոշոր ընկերությունների նկատմամբ՝ ձգտելով ավելացնել հարկային մուտքերը։ Վերանայվել են օֆշորային տրաստների նկատմամբ կիրառվող կանոնները, սկսվել է վերջին տարիների ամենախոշոր արշավներից մեկը՝ տեղական ընկերություններից չվճարված հարկերը գանձելու համար, իսկ իշխանությունների ուշադրության կենտրոնում են հայտնվել նաև միայն Հոնկոնգում Չինաստանի բնակիչներին պատկանող ավելի քան 1.7 տրլն դոլարի ակտիվները, հաղորդում է Bloomberg-ը։
Վերջին տասնամյակներում Չինաստանի տնտեսական աճը հարյուրավոր նոր միլիարդատերերի է ձևավորել, որոնք ակտիվորեն միջոցներ են ներդրել արտասահմանյան անշարժ գույքում, արվեստի գործերում և ԱՄՆ կապիտալի շուկաներում։ Սակայն Bloomberg-ի զրուցակից հարկային խորհրդատուների, իրավաբանների, բանկիրների և խոշոր ներդրողների գնահատմամբ՝ կապիտալն արտերկիր համեմատաբար ազատ տեղափոխելու ժամանակաշրջանն ավարտվում է։
Հարուստ չինացիներից պահանջվում է վճարել արտասահմանյան տրաստների հետ կապված հարկերը՝ լրացուցիչ հարկային պարտավորություններից խուսափելու համար։ Որոշ ներդրողներ դրա համար վաճառում են բաժնետոմսեր կամ արտասահմանում խոշոր վարկեր ներգրավում։ Միաժամանակ մի շարք քաղաքացիներ փորձում են օտարերկրյա անձնագրեր ստանալ՝ մտավախություն ունենալով, որ Պեկինը կարող է արտագաղթողների նկատմամբ սահմանել այսպես կոչված ելքի հարկ։
Bloomberg-ի տվյալներով՝ Haidilao International Holding Ltd.-ի համահիմնադիր Շու Պինը ընտանեկան տրաստի միջոցով վաճառել է ընկերության մոտ 350 մլն դոլարի բաժնետոմսեր։ Աղբյուրների համաձայն՝ գործարքին նախորդել է ընտանիքին ներկայացված անսպասելի հարկային պահանջը։
Հարկային ճնշումն ուժեղանում է այն պայմաններում, երբ Չինաստանի տնտեսությունը շարունակում է բախվել անշարժ գույքի շուկայի երկարատև ճգնաժամի հետևանքներին։ Այն զգալիորեն նվազեցրել է տեղական իշխանությունների եկամուտները․ հողի վաճառքից նախկինում տարեկան ավելի քան 1.1 տրլն դոլար կազմող մուտքերն այժմ, ըստ գնահատականների, կնվազեն այդ գումարի մեկ երրորդից էլ ցածր մակարդակի։
Միաժամանակ Չինաստանը նախատեսում է գրեթե 300 մլրդ դոլար ներդնել տվյալների կենտրոնների կառուցման մեջ՝ ԱՄՆ-ի հետ արհեստական բանականության ոլորտում մրցակցության շրջանակում։ Սա լրացուցիչ ֆինանսական ճնշում է ստեղծում տեղական իշխանությունների համար՝ ստիպելով նրանց եկամտի նոր աղբյուրներ փնտրել։
«Նրանք փորձում են օգտագործել բոլոր հնարավորությունները՝ լրացուցիչ միջոցներ ստանալու համար։ Գումար են հավաքում բառացիորեն ամեն տեղից», — Bloomberg-ին ասել է Սինգապուրի կառավարման համալսարանի իրավագիտության պրոֆեսոր Հենրի Գաոն։
Barclays-ի վերլուծաբանների գնահատմամբ՝ ամենախիստ սցենարի դեպքում Չինաստանի հարկային մարմինները կարող են մինչև 100 մլրդ դոլարի հարկեր հաշվարկել Հոնկոնգում հարուստ քաղաքացիներին պատկանող ակտիվների նկատմամբ։ Չինացի հարկային իրավաբաններից մեկի գնահատմամբ՝ իրական գումարը, ամենայն հավանականությամբ, կկազմի 15–25 մլրդ դոլար։
Bloomberg-ի գնահատմամբ՝ հարկային վերահսկողության խստացումը կարող է էապես նվազեցնել արտասահմանյան տրաստների գրավչությունը Չինաստանի ամենահարուստ քաղաքացիների համար։
