Մեծ Բրիտանիան մտադիր է ներմուծման մաքսատուրքեր սահմանել չինական էլեկտրամոբիլների համար
Բրիտանական կառավարությունը պատրաստվում է պաշտպանել իր ավտոմոբիլային շուկան չինական էլեկտրամոբիլներից։ Ինչպես հայտնում է Times-ը, Լոնդոնը նախատեսում է ներմուծման մաքսատուրքեր սահմանել Չինաստանից ներմուծվող մեքենաների համար։
Ավելի վաղ Financial Times-ը հայտնել էր, որ Եվրամիությունը Մեծ Բրիտանիայից պահանջել է բարձրացնել չինական ավտոմեքենաների ներմուծման մաքսատուրքերը։ Հակառակ դեպքում Բրյուսելը Լոնդոնին սպառնում է առևտրային սահմանափակումներով։
«Մեծ Բրիտանիան պատրաստվում է հետևել ԵՄ օրինակին և ներմուծման մաքսատուրքեր սահմանել չինական էլեկտրամոբիլների համար», – գրում է Times-ը։
Թերթի տեղեկություններով՝ հնարավոր մաքսատուրքերի մշակմամբ զբաղվում է բիզնեսի և առևտրի նախարար Ջոնաթան Ռեյնոլդսը։ Պատճառն այն մտավախությունն է, որ չինական մեքենաները բրիտանական շուկայում վաճառվում են արհեստականորեն ցածր գներով։
Մայիսի վերջին New York Times-ը հայտնել էր, որ Եվրոպան մոտենում է Չինաստանի հետ առևտրային պատերազմի։ Մայրցամաքը մտահոգված է էժան չինական ապրանքների ներհոսքի հետևանքով իր արդյունաբերության ոլորտների համար գոյություն ունեցող լուրջ սպառնալիքներով։ Միևնույն ժամանակ, Չինաստանի առևտրի նախարարությունը մայիսի 21-ին հայտարարել էր, որ Պեկինը վճռական պատասխան միջոցներ կձեռնարկի, եթե ԵՄ-ն սկսի սահմանափակել չինական ընկերությունների և ապրանքների նկատմամբ կիրառվող պայմանները։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

