ԱՄՆ-ում բնակարանների վաճառքը մոտեցել է վերջին 12 տարվա նվազագույն մակարդակին
Հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների՝ 7%-ից բարձր մակարդակի հասնելը հանգեցրել է ԱՄՆ-ում բնակարանների նկատմամբ պահանջարկի կտրուկ նվազմանը։ Սեպտեմբերին առուվաճառքի կնքված պայմանագրերի թիվը նվազել է 4%-ով, իսկ գնորդները սկսել են ավելի հաճախ հրաժարվել գործարքներից։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Redfin ընկերության տվյալները։
Սա ավելի քան երեք տարվա ընթացքում ամսական կտրվածքով ամենամեծ անկումն է։ Ցուցանիշը հասել է 2014 թվականից ի վեր նվազագույն մակարդակին՝ չհաշված 2020 թվականին՝ կորոնավիրուսի համավարակի առաջին ամիսներին գրանցված ցուցանիշները։ Redfin-ի տվյալները ճշգրտված են՝ հաշվի առնելով սեզոնային տատանումները։
Միաժամանակ շուկայում վաճառքի առաջարկվող բնակարանների թիվը հասել է 2020 թվականի մարտից ի վեր առավելագույն մակարդակին։ Վաճառողներին գնորդներ գտնելն ավելի ու ավելի է դժվարանում, մինչդեռ վերջիններս ավելի մեծ հնարավորություններ են ստանում գնի շուրջ բանակցելու համար։
«Անշարժ գույքի շուկայում տրամադրությունները զգալիորեն փոխվել են։ Երբ տոկոսադրույքներն այդքան կտրուկ աճում են, գնալով ավելի քիչ մարդիկ կարող են իրենց թույլ տալ բնակարան գնել, ուստի վաճառքներն անխուսափելիորեն նվազում են», – հայտարարել է Redfin-ի գլխավոր տնտեսագետ Դերիլ Ֆեյրվեզերը։
