Գերմանիայի կանցլերը մտադիր է ԵՄ-ից խիստ միջոցներ պահանջել անբարեխիղճ առևտրային պրակտիկայի դեմ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ մտադիր է հասնել նրան, որ Եվրամիությունը խստացնի միջոցները՝ ի պատասխան երրորդ երկրների անբարեխիղճ առևտրային պրակտիկայի։
«Մենք այլևս անգործության չենք մատնվի, երբ այլ պետություններ վնաս են հասցնում մեր տնտեսությանը՝ բարձր սուբսիդիաների, արհեստականորեն թերագնահատված արժույթների փոխարժեքների, արտադրական ավելցուկային հզորությունների և ագրեսիվ գնագոյացման միջոցով»։
Միաժամանակ նա նախազգուշացրել է, որ Եվրամիությունը պատրաստ է վճռականորեն պաշտպանել իր տնտեսական շահերը։
«Նրանք, ովքեր մեզ հետ առևտրային հակամարտություն են փնտրում, կհասկանան, որ այսուհետ մենք հակահարված ենք տալու՝ կիրառելով համաչափ պատասխան միջոցներ», – հայտարարել է Գերմանիայի կանցլերը։
Որպես գործնական լուծում՝ Մերցը նշել է Գերմանիայի և Ֆրանսիայի համատեղ առաջարկները՝ առևտրի պաշտպանության նոր գործիք ստեղծելու վերաբերյալ։
«Ի թիվս այլ միջոցների՝ մենք նախատեսում ենք առևտրի պաշտպանության նոր գործիք, որի օգնությամբ կկարողանանք արագ և արդյունավետ արձագանքել մեր արդյունաբերության և մատակարարման շղթաների դեմ ուղղված թիրախային հարձակումներին։ Մենք այս հարցը կքննարկենք անմիջապես Եվրոպական խորհրդի նիստում, այնուհետև կփորձենք հնարավորինս արագ անցնել որոշումների ընդունմանը։ Այդ որոշումները, ի թիվս մյուսների, Եվրահանձնաժողովին հնարավորություն կտան արագ արձագանքել՝ առանց հարցը նախապես Եվրոպական խորհրդում քննարկելու», – պարզաբանել է Մերցը։
Գերմանիայի կանցլերի խոսքով՝ Եվրոպական խորհուրդն իր հերթին հետագայում կկարողանա հարցը կրկին քննարկման ներկայացնել՝ որակյալ մեծամասնությամբ քվեարկության միջոցով։
«Այսպիսով՝ մենք կգործենք ավելի արագ և արդյունավետ, իսկ Եվրահանձնաժողովը կունենա աշխատող գործիք», – ամփոփել է Մերցը։
