ԱՄՆ-ն ակնկալում է նվազեցնել վառելիքի գները՝ Ռուսաստանի արտահանման հաշվին
ԱՄՆ վարչակազմը կարծում է, որ ռուսական դիզելային վառելիքի մատակարարումները օգուտ կբերեն ամերիկացի սպառողներին և կնվազեցնեն համաշխարհային գները։ Ռուսաստանը հաստատել է նավթամթերքի արտահանման պատրաստակամությունը, իսկ ԱՄՆ-ն դրանք հանել է պատժամիջոցների շրջանակից։
ԱՄՆ վարչակազմը կարծում է, որ ռուսական դիզելային վառելիքի արտահանումը կօգնի նվազեցնել գները և օգուտ կբերի ինչպես ամերիկացի սպառողներին, այնպես էլ ամբողջ աշխարհին։ Այս մասին CNN հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը։
«Աշխարհում դիզելային վառելիքի պակաս կա, իսկ ԱՄՆ նախագահն անընդհատ ուղիներ է փնտրում ամերիկացիների ծախսերը նվազեցնելու համար։ Հետևաբար, եթե Ռուսաստանը կարողանա շուկա հանել դիզելային վառելիքի լրացուցիչ ծավալներ և արտահանել դրանք, դա օգուտ կբերի ամերիկացի սպառողներին ու ամբողջ աշխարհին», – հայտարարել է նա։
Նախարարի խոսքով՝ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև դիզելային վառելիքի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների նպատակն ԱՄՆ-ում գների նվազեցումն է։
Հոկտեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նավթամթերքի մատակարարումները։ Ռուսաստանի առաջնորդը հայտնել է, որ Մոսկվան հաստատել է ամերիկյան և համաշխարհային շուկաներ նավթ և նավթամթերք մատակարարելու պատրաստակամությունը։
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հստակեցրել է, որ ՌԴ-ն նախատեսված ժամկետից շուտ վերացնում է դիզելային վառելիքի արտահանման արգելքը և պատրաստ է հոկտեմբերին մատակարարել 300 հազար տոննա դիզելային վառելիք, նոյեմբերին՝ 500 հազար տոննա, դեկտեմբերին՝ 1 միլիոն տոննա, իսկ հետագայում արտահանման ծավալը հասցնել ամսական 3 միլիոն տոննայի։
