Արհեստական բանականության զարգացումը կարող է աշխատավարձերի արժեքը «նվազեցնել» 15 անգամ
Կախված նրանից, թե ում հարցնել՝ ռոբոտի աշխատանքի մեկ ժամը կարող է արժենալ 2 դոլար՝ Roland Berger-ի հետազոտության համաձայն, 10-12 դոլար՝ JPMorgan-ի գնահատականներով, կամ ավելի քան 35 դոլար՝ դատելով արդյունաբերության մեջ ռոբոտների առաջին ներդրումների մասին հաղորդումներից։ Առաջին հայացքից այս թվերը հակասում են միմյանց։ Սակայն, ինչպես գրում է Fortune-ը, դրանք բացահայտում են ֆիզիկական արհեստական բանականության ոլորտի առջև ծառացած գլխավոր հարցը՝ որքան օգտակար աշխատանք կարող է ռոբոտը հուսալիորեն կատարել։
Ռոբոտի աշխատանքի մեկ ժամվա արժեքը հաշվարկելն այնքան էլ բարդ չէ, գրում է պարբերականը։ Անհրաժեշտ է դրա գնման կամ վարձակալության արժեքը բաժանել ծառայության ողջ ժամկետի ընթացքում արդյունավետ աշխատանքի ժամերի քանակին, ապա ավելացնել էլեկտրաէներգիայի, տեխնիկական սպասարկման, ծրագրային ապահովման, ինտեգրման և մարդկային վերահսկողության ծախսերը։
Roland Berger-ի հաշվարկներում ժամում 2 դոլար արժեքը ներառում է էլեկտրաէներգիայի, ծրագրային ապահովման, ցանցային ենթակառուցվածքի և պլանային տեխնիկական սպասարկման ծախսերը։ Սակայն հենց ռոբոտի գնման կամ վարձակալության արժեքը հաշվի չի առնվում, գրում է Fortune-ը։ Այլ կերպ ասած՝ խոսքը զանգվածային օգտագործման պայմաններում ընթացիկ շահագործման ծախսերի մասին է, ոչ թե ներդրման ամբողջական արժեքի։ Եթե այս գումարը համեմատենք ԱՄՆ-ի պահեստների աշխատակիցների միջին ժամային վարձատրության հետ, ապա ժամում 2 դոլար արժողությամբ ռոբոտը շահավետ է դառնում միայն այն դեպքում, երբ աշխատում է ժամանակի 60-70%-ի ընթացքում:
Դիտարկենք 90 հազար դոլար արժողությամբ արդյունաբերական ռոբոտի օրինակը, որի ձեռքբերման ծախսերը բաշխվում են հինգ տարվա վրա։ Ինչպես գրում է Fortune-ը, տարեկան 2000 աշխատանքային ժամի դեպքում սարքավորման արժեքը կազմում է աշխատանքի յուրաքանչյուր ժամի հաշվով մոտ 9 դոլար։ Եթե ավելացնենք տեխնիկական սպասարկման և այլ ծախսերը, ընդհանուր գումարը կարող է հասնել ժամում մոտ 12 դոլարի։
Սակայն եթե ռոբոտն աշխատում է տարեկան ընդամենը 1000 ժամ, ապա մեկ արդյունավետ աշխատանքային ժամի հաշվով սարքավորման արժեքը կրկնապատկվում է։ Իսկ եթե այն գործարկվում է միայն առավելագույն ծանրաբեռնվածության ժամանակահատվածներում կամ երկար ժամանակ պարապուրդի է մատնվում՝ առաջադրանքի սպասելիս, աշխատանքի փաստացի արժեքն ավելի է աճում։
Նույն ռոբոտը։ Նույն գինը։ Աշխատանքի այլ ժամանակացույց։ Ռոբոտի գինը նշանակություն ունի, սակայն շատ ավելի կարևոր է, թե որքան ժամանակ է այն իրականում աշխատում, բացատրում է Fortune-ը։
Բացի այդ, ֆիզիկական արհեստական բանականության գլխավոր մարտահրավերը հնարավորությունների անթերի ցուցադրության և իրական արտադրական պայմաններում հուսալի աշխատանքի միջև առկա խզումը հաղթահարելն է:
Ռոբոտը, որի աշխատանքին միջավայրի յուրաքանչյուր փոփոխության դեպքում ինժեների միջամտություն է անհրաժեշտ, ինքնավար աշխատող չէ։ Այն ինտեգրման և կարգաբերման շարունակական նախագիծ է։ Ոլորտի ամենահավակնոտ նպատակը համամարդկային մարդանման ռոբոտի ստեղծումն է, որը կկարողանա կատարել գրեթե ցանկացած առաջադրանք։ Ի վերջո, այս տեսլականը կարող է իրականություն դառնալ, սակայն, Fortune-ի գնահատմամբ, մոտ ապագայում այդ ճանապարհը դժվար թե ապահովի զանգվածային ներդրման ամենահուսալի ուղին։
Ձեռքի աշխատանքի համաշխարհային շուկայի ծավալը գնահատվում է տասնյակ տրիլիոն դոլարներով։ Դրա նույնիսկ փոքր մասնաբաժնի գրավումը թույլ կտար ստեղծել հսկայական մասշտաբի ընկերություններ։ Սակայն հաղթողներ կդառնան ոչ թե նրանք, ովքեր պարզապես կմեծացնեն ռոբոտների փորձնական ներդրման նախագծերի թիվը, այլ նրանք, ովքեր մեքենաները կվերածեն հուսալի և կանխատեսելի աշխատանքային ռեսուրսի:
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

