Նավթի բարձր գները միաժամանակ խթանում են Կանադայի տնտեսությունն ու մեծացնում գնաճային ռիսկերը
Նավթի բարձր գները դրական ազդեցություն են ունենում Կանադայի տնտեսական աճի վրա, սակայն միաժամանակ ուժեղացնում են գնաճային ճնշումները։ Կանադայի կենտրոնական բանկի ղեկավար Թիֆ Մաքլեմը հայտարարել է, որ կարգավորողը կարող է բարձրացնել գնաճի կանխատեսումը և անհրաժեշտության դեպքում՝ նաև տոկոսադրույքները։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Ի տարբերություն աշխարհի խոշոր տնտեսությունների մեծ մասի՝ Կանադան էներգակիրների զուտ արտահանող է, ինչի պատճառով նավթի թանկացումը երկրի տնտեսության վրա երկակի ազդեցություն է ունենում։
Մաքլեմի խոսքով՝ բենզինի բարձր գները մեծացնում են սպառողների և ձեռնարկությունների ծախսերը՝ սահմանափակելով ապրանքներ և ծառայություններ ձեռք բերելու նրանց հնարավորությունները։ Միաժամանակ էներգակիրների թանկացումը նպաստում է արտահանման, եկամուտների, հարկային մուտքերի և ներդրումների աճին։
«Ամբողջ երկրի համար նավթի ավելի բարձր գները նշանակում են, որ արտահանման շնորհիվ ավելի մեծ եկամուտներ են մուտք գործում երկիր, և արդեն տեսանելի է դրանց դրական ազդեցությունը տնտեսական աճի վրա», — նշել է Մաքլեմը։
Նախկինում Կանադայի կենտրոնական բանկը կանխատեսում էր, որ էներգետիկ ընկերությունները կարող են լրացուցիչ եկամուտներն ուղղել շահաբաժինների վճարմանը՝ կապիտալ ներդրումների փոխարեն։ Սակայն այժմ ավելի շատ տվյալներ են վկայում, որ էներգակիրների բարձր գները խթանում են երկրի տնտեսական աճը՝ չնայած ԱՄՆ-ի հետ առևտրային հակամարտության սրմանն ու բնակչության թվաքանակի աճի դանդաղմանը։
Էներգետիկ ոլորտի եկամուտների ավելացման շնորհիվ Կանադայում կտրուկ աճել է ընկերությունների շահույթը։ Ակնկալվում է նաև, որ նավթով հարուստ Ալբերտա նահանգը բյուջետային տարին կավարտի հավելուրդով՝ նախկինում կանխատեսված պակասուրդի փոխարեն։
Միաժամանակ վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է ներդրումները խթանող նոր հարկային արտոնության մասին, որը թույլ կտա ընկերություններին որոշ ծախսեր անմիջապես նվազեցնել հարկվող շահույթից՝ դրանք մի քանի տարվա վրա բաշխելու փոխարեն։
Այդուհանդերձ, Կանադայի կենտրոնական բանկը զգուշացնում է, որ էներգակիրների բարձր գների պահպանման և գնաճային ճնշումների՝ այլ ապրանքների ու ծառայությունների վրա տարածվելու դեպքում կարող է անհրաժեշտ լինել բարձրացնել տոկոսադրույքները։
Մաքլեմի խոսքով՝ Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման հեռանկարներ առայժմ չեն նշմարվում, ինչն ուժեղացնում է գնաճային ռիսկերը։
«Հիմնական հարցն այն է՝ արդյոք գնաճն ինքնուրույն կվերադառնա մեր նպատակային մակարդակին, թե ստիպված կլինենք բարձրացնել տոկոսադրույքները՝ դրա հետագիծը փոխելու համար», — ընդգծել է Կանադայի կենտրոնական բանկի ղեկավարը։
Շուկայի մասնակիցները տոկոսադրույքի բարձրացման հավանականությունը գնահատում են ավելի քան 33%։
