Anthropic-ի կիսամյակային զուտ վնասը գերազանցել է 80 մլրդ դոլարը
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Anthropic-ի զուտ վնասը կտրուկ աճել է՝ հիմնականում արհեստական բանականության ոլորտում գործող ընկերության բաժնետոմսերի փոխարկելի պարտատոմսերի արժեքի վերագնահատման պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ստարտափի IPO-ի նախնական ազդագրի նախագիծը։
Փաստաթղթի համաձայն՝ Anthropic-ի զուտ վնասը կազմել է 80.7 մլրդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 13 մլրդ դոլարի դիմաց։ Այս ցուցանիշը ներառում է փոխարկելի պարտատոմսերի գնահատված արժեքի 72 մլրդ դոլարով աճի բացասական ազդեցությունը։ Այդ ազդեցությունը կապված չէ ընկերության գործառնական գործունեության համար կատարված իրական դրամական ծախսերի հետ։
Առաջին կիսամյակում Anthropic-ը մոտ 9 մլրդ դոլար է ծախսել հաշվարկային հզորությունների և ենթակառուցվածքների վրա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2.3 մլրդ դոլարի դիմաց։ Ընդհանուր առմամբ, ընկերությունը տասը տարվա ընթացքում առնվազն 518 մլրդ դոլար ուղղելու պարտավորություններ է ստանձնել՝ ամպային ծառայությունների, հաշվարկային հզորությունների և ենթակառուցվածքների ֆինանսավորման համար։
Սպասվում է, որ Anthropic-ը նոյեմբերին կանցկացնի նախնական հրապարակային առաջարկը (IPO)։ Որոշ ներդրողներ այժմ կարծում են, որ IPO-ի շրջանակում ընկերության գնահատված արժեքը կկազմի շուրջ 1.5 տրլն դոլար՝ հաշվի առնելով, որ վերջին ֆինանսական ցուցանիշները հիասթափեցրել են ներդրողներին։ Ավելի վաղ սպասվում էր, որ IPO-ի ընթացքում Anthropic-ի արժեքը կարող է հասնել 2 տրլն դոլարի։
Անցած շաբաթ ընկերությունը հայտնել էր, որ երրորդ եռամսյակում իր հասույթն աճել է 45%-ով՝ երկրորդ եռամսյակի համեմատ, և կազմել 16.8 մլրդ դոլար։ Հասույթի աճի տեմպերը զգալիորեն դանդաղել են երկրորդ եռամսյակի համեմատ, երբ այդ ցուցանիշն ավելի քան կրկնապատկվել էր։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

