Չինաստանի հարուստ քաղաքացիները նոր հարկերից խուսափելու համար կապիտալը տեղափոխում են ԱՄՆ-ի բանկեր
Չինաստանի հարուստ քաղաքացիները զանգվածաբար իրենց օֆշորային ակտիվները տեղափոխում են ամերիկյան բանկեր՝ նոր հարկերից խուսափելու նպատակով, հայտնում է CNBC-ն։ Այս միտումն ուժեղացել է այն բանից հետո, երբ հուլիսին Պեկինը 20% հարկ է սահմանել արտասահմանյան թրասթներից ստացվող եկամուտների նկատմամբ։
Փորձագետները նշում են, որ կապիտալը Սինգապուրից և Հոնկոնգից տեղափոխվում է ԱՄՆ, քանի որ Միացյալ Նահանգները չի մասնակցում Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվության ավտոմատ փոխանակման միասնական ստանդարտին և պարտավոր չէ չինական իշխանություններին ավտոմատ կերպով փոխանցել ֆինանսական տվյալները։
Սինգապուրյան Golden Acacia Capital ընկերության գլխավոր տնօրեն Քիթ Թանը նշել է, որ «ամերիկյան հաշիվներ բացելու և ակտիվներն այնտեղ փոխանցելու խոչընդոտներն այնքան էլ մեծ չեն»։
Միևնույն ժամանակ, իրավաբանները նախազգուշացնում են, որ նման ռազմավարությունը կապված է ռիսկերի հետ, քանի որ միջոցների սկզբնական դուրսբերման գործարքները հետք են թողնում, որը կարող են հայտնաբերել հարկային մարմինները։
Օֆշորներում պահվող միջոցների տեղափոխումը շարունակում է համեմատաբար հեշտ լինել, սակայն նոր կապիտալի անմիջական դուրսբերումը մայրցամաքային Չինաստանից չափազանց դժվարացել է։
Bank of Singapore-ի ներկայացուցիչ Ցզինցյուան Լինը նշել է, որ այսուհետ օֆշորային բանկային ոլորտը հիմնականում սպասարկելու է այն կապիտալը, որն արդեն գտնվում է երկրի սահմաններից դուրս։
