OpenAI-ն մոտ է 30 մլրդ դոլարի ներգրավմանը․ հիմնական ներդրողները կլինեն ԱՄԷ-ից
ChatGPT-ի մշակող ամերիկյան OpenAI ընկերությունը մոտ է մինչև 30 մլրդ դոլարի ներգրավման հերթական ֆինանսավորման փուլի ավարտին։ Նոր միջոցների ներգրավումից առաջ ընկերության ընդհանուր արժեքը գնահատվում է 1.25 տրլն դոլար։ Այս մասին հայտնում է CNBC-ն՝ հղում անելով աղբյուրներին։
Նրանց տվյալներով՝ հիմնական ներդրողների թվում են Արաբական Միացյալ Էմիրությունների ներկայացուցիչները և Coatue հիմնադրամը։
Ներդրումների այս փուլը դիտարկվում է որպես միջանկյալ քայլ՝ ակնկալվող բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխումից (IPO) առաջ։
Ֆինանսավորման նոր փուլի շուրջ քննարկումները սկսվել են այն բանից հետո, երբ սեպտեմբերին ներդրողներն իրենք են նման առաջարկներով դիմել OpenAI-ին։ Հոկտեմբերի 22-ին ընկերության ներկայացուցիչները ներդրողներին հայտնել են, որ նախատեսում են բոլոր անհրաժեշտ ստորագրությունները հավաքել մինչև հաջորդ շաբաթվա վերջը։ Սակայն ֆինանսավորման փուլի վերջնական ծավալը դեռ որոշված չէ, նշում է CNBC-ն։
Աղբյուրներից մեկի խոսքով՝ ներդրումների ներգրավմանը զուգահեռ OpenAI-ը բանակցություններ է վարում առևտրային համաձայնագրի շուրջ, որը ընկերությանը կապահովի ԱՄԷ-ից լրացուցիչ հաշվարկային հզորությունների հասանելիություն։ Փետրվարին OpenAI-ի ղեկավարությունը ներդրողներին հայտնել էր, որ մինչև 2030 թվականը ընկերությունը նախատեսում է շուրջ 600 մլրդ դոլար ծախսել հաշվարկային ռեսուրսների վրա։
Հունիսին OpenAI-ը գաղտնի կերպով արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացրել է ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին (SEC), սակայն բորսա դուրս գալու հստակ ժամկետները դեռ չեն հրապարակվել։ Օգոստոսին OpenAI-ի ֆինանսական տնօրեն Սառա Ֆրայարը աշխատակիցներին հայտնել էր, որ մինչև 2027 թվականը ընկերությունը կդառնա հրապարակային։ Միևնույն ժամանակ, սեպտեմբերին գլխավոր գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը նշել էր, որ այժմ բորսա դուրս գալու համար ամենահարմար պահը չէ։
Financial Times-ի աղբյուրները կարծում են, որ IPO-ն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա 2027 թվականի առաջին կիսամյակում։
OpenAI-ի ֆինանսավորման նախորդ փուլն անցկացվել է մարտին։ Դրա ծավալը կազմել է ռեկորդային 122 մլրդ դոլար, իսկ ընկերության ընդհանուր արժեքը գնահատվել է 852 մլրդ դոլար։
OpenAI-ի հիմնական մրցակիցը՝ Anthropic-ը, նույնպես պատրաստվում է խոշոր IPO-ի, որը սպասվում է մոտ ապագայում։ Մայիսին Anthropic-ն ավարտել է 65 մլրդ դոլարի ֆինանսավորման փուլը, որի շրջանակում ընկերության արժեքը գնահատվել է 965 մլրդ դոլար։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

