Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը
Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի շրջանակում Կոնվերս Բանկի տաղավարում ներկայացվում են Բանկի կայուն ֆինանսավորման լուծումներն ու ESG՝ բնապահպանական, սոցիալական և կառավարման ուղղությամբ նախաձեռնությունները։
Դրանք արտացոլում են Բանկի քաղաքականությունը՝ ֆինանսական որոշումներում հաշվի առնել նաև շրջակա միջավայրի և հասարակության վրա երկարաժամկետ ազդեցությունը։
Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Հրանտ Հակոբյանն այդ կապակցությամբ նշել է. «Բնության պահպանումն այլևս ընտրություն չէ․ դա մեր պատասխանատվությունն է և ներդրում՝ ապագա սերունդների համար։ ESG օրակարգը պարզապես մեր ռազմավարության, նաև՝ մեր կորպորատիվ մշակույթի մասն է: Մենք շարունակելու ենք ակտիվ մասնակցել կենսաբազմազանության պահպանմանը միտված ծրագրերին և միաժամանակ ընդլայնելու ենք պատասխանատու և կանաչ ֆինանսավորման առաջարկները»:

Կոնվերս Բանկի ESG նախագծերի ներդրման և զարգացման պատասխանատու Լիանա Վարդումյանը հավելել է. «Կայուն ֆինանսավորումը տարիների ընթացքում ձևավորված փորձ է, որը շարունակում է զարգանալ և արժեք ստեղծել տնտեսության, շրջակա միջավայրի ու հասարակության համար»։
Կայունության սկզբունքները նաև Բանկի ներքին մշակույթի մասն են. 2019 թվականից Կոնվերս Բանկը համագործակցում է թափոնների վերամշակմամբ զբաղվող ISSD հասարակական կազմակերպության հետ: Համագործակցության արդյունքում տեսակավորվել և վերամշակման է հանձնվել շուրջ 4 տոննա պլաստիկ և 21 տոննա թուղթ՝ նպաստելով ավելի քան 400 ծառի պահպանմանը։
ISSD-ի համահիմնադիր Իրինա Մկրտչյանը նշել է. «Կոնվերս Բանկը թափոնների տեսակավորման մշակույթը ներդրած առաջամարտիկ կառույցներից է։ Բանկը տարիներ շարունակ հետևողականորեն իրականացնում է տեսակավորումը, իսկ հավաքված թափոններն ուղղվում են վերամշակման»։
ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի Ֆինանսական նախաձեռնության բնության ուղղության ղեկավար Ջեսիկա Սմիթը նշել է, որ բանկերը կարևոր դեր ունեն բնության պահպանության գործում, քանի որ ֆինանսավորում են իրական տնտեսությունը և կարող են նպաստել բիզնեսի բնապահպանական ազդեցության նվազեցմանը։ Նրա խոսքով՝ Կոնվերս Բանկն առաջինն էր տարածաշրջանում, որ միացավ նշված կառույցի Պատասխանատու բանկային գործունեության սկզբունքներին։
Նա ասել է. «Այս սկզբունքները բանկերին օգնում են հասկանալ իրենց գործունեության էական ազդեցությունները, քայլեր ձեռնարկել դրանք կառավարելու և նոր հնարավորություններ բացահայտելու ուղղությամբ։ Բնության հետ կապված հարցերն ավելի ու ավելի մեծ տեղ են զբաղեցնում բանկերի օրակարգում»:
Կոնվերս Բանկը շարունակելու է ընդլայնել պատասխանատու և կանաչ ֆինանսավորման լուծումները՝ աջակցելով անհատներին ու բիզնեսներին ավելի ռեսուրսախնայող ընտրություններ կատարելուն և նպաստելով Հայաստանի կայուն զարգացմանը։
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
