Գերմանիան ձմռան համար գազի լրացուցիչ գնումներին կհատկացնի գրեթե 245 մլն եվրո
Գերմանիան ձմռան համար գազի լրացուցիչ մատակարարումներ է ապահովում՝ ստորգետնյա գազապահեստարանների լցվածության զգալիորեն ցածր մակարդակի պայմաններում։ Գերմանական գազի շուկայի օպերատոր Trading Hub Europe-ի (THE) տվյալների համաձայն՝ կնքվել են գրեթե 245 մլն եվրոյի ընդհանուր արժեքով պայմանագրեր՝ անհրաժեշտ պահուստները պատրաստ վիճակում պահպանելու համար, հայտնում է Reuters գործակալությունը։
Տվյալների համաձայն՝ միայն 2027 թվականի փետրվար և մարտ ամիսներին գազամատակարարման անվտանգությունն ապահովելուն ուղղված հատուկ մրցույթների արժեքը կազմել է շուրջ 107 մլն եվրո։ Այդ գումարը հատկացվել է ի լրումն THE-ի՝ ամենամյա ստանդարտ մրցույթների համար նախատեսված 137 մլն եվրոյի, որոնք ուղղված են գազատրանսպորտային ցանցում թողունակության հնարավոր սահմանափակումների վերացմանը։
Ինչպես պարզաբանել են THE-ում, այս համաձայնագրերը ապահովագրության դեր են կատարում վառելիքի պահանջարկի կտրուկ աճի դեպքում։ Դրանց նպատակն է խրախուսել ընկերություններին ավելի երկար ժամանակ գազը պահել պահեստարաններում և անհրաժեշտության դեպքում լրացուցիչ ծավալներ մղել այնտեղ։
Հոկտեմբերի 21-ի դրությամբ գերմանական ստորգետնյա գազապահեստարանները լցված էին ընդամենը 61.1%-ով, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմում էր 75.4%։
Գազի ստորգետնյա պահեստարանների օպերատորների ասոցիացիան (INES) նախազգուշացրել է, որ առաջիկա ձմռան ցուրտ լինելու դեպքում Գերմանիայի գազապահեստարանները կարող են ամբողջությամբ դատարկվել արդեն 2027 թվականի փետրվարի սկզբին։
Փորձագետների գնահատմամբ՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Գերմանիայի գազապահեստարանների լցվածության մակարդակը կկազմի առավելագույնը 77%․ տեխնիկապես ավելի բարձր ցուցանիշ ապահովել հնարավոր չէ։
2010 թվականի նման ծայրահեղ ցուրտ ձմռան դեպքում այդ ծավալը բավարար չի լինի բոլոր սպառողների պահանջարկը բավարարելու համար, ինչը կարող է հանգեցնել վառելիքի դեֆիցիտի։
