Alphabet-ը երրորդ եռամսյակում կրճատել է զուտ շահույթը 25%-ով, իսկ բաժնետոմսերն էժանացել են 10%-ով
Ամերիկյան Alphabet Inc. ընկերությունը, որը Google-ի մայր ընկերությունն է, երրորդ եռամսյակում կրճատել է զուտ շահույթը 25%-ով՝ չնայած հասույթի նույն չափով աճին։
Ինչպես նշվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ, հուլիս-սեպտեմբեր ամիսներին զուտ շահույթը կազմել է 26.17 մլրդ դոլար կամ մեկ բաժնետոմսի հաշվով 2.12 դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 34.98 մլրդ դոլարի կամ մեկ բաժնետոմսի հաշվով 2.87 դոլարի դիմաց։ Բաժնային գործիքներում ներդրումներից ստացված վնասի բացասական ազդեցությունը կազմել է 6.7 մլրդ դոլար։
Հասույթն աճել է՝ նախորդ տարվա 102.35 մլրդ դոլարից հասնելով 127.58 մլրդ դոլարի։ Արտարժույթի փոխարժեքների փոփոխության ազդեցությունը չհաշված՝ այն աճել է 25%-ով։
FactSet-ի տվյալներով՝ վերլուծաբանները միջինում կանխատեսում էին մեկ բաժնետոմսի հաշվով 3.02 դոլարի զուտ շահույթ և 128 մլրդ դոլարի հասույթ։
Անցած եռամսյակում Google-ի գովազդային եկամուտներն աճել են 11%-ով՝ հասնելով 82.01 մլրդ դոլարի։ Այդ թվում՝ որոնողական ծառայությունից ստացված գովազդային եկամուտները կազմել են 63.35 մլրդ դոլար՝ աճելով 12%-ով, իսկ YouTube-ինը՝ 11.21 մլրդ դոլար՝ աճելով 9%-ով։
Google Cloud-ի հասույթն աճել է ռեկորդային՝ 103%-ով՝ հասնելով 30.71 մլրդ դոլարի։
Հոլդինգի ազատ դրամական հոսքը (FCF) կազմել է մինուս 9.07 մլրդ դոլար՝ նախորդ եռամսյակի մինուս 5.86 մլրդ դոլարի դիմաց։
Երկարաժամկետ պարտքն ավելացել է տարեկան կտրվածքով մոտ 5.8 անգամ՝ հասնելով 125.1 մլրդ դոլարի։
Ընկերությունը վերահաստատել է 2026 թվականի կապիտալ ծախսերի կանխատեսումը՝ 195-205 մլրդ դոլարի մակարդակում, և ակնկալում է, որ 2027 թվականին դրանք կգերազանցեն 300 մլրդ դոլարը։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

