Ֆրանսիայում գործազրկությունը շարունակում է աճել
Ֆրանսիայում գործազրկությունը շարունակում է աճել։ Ինչպես հաղորդում է Le Parisien-ը, 2026 թվականի երրորդ եռամսյակում զբաղվածության պետական ծառայությունում՝ France Travail-ում, գրանցված և աշխատանք չունեցող անձանց թիվը նախորդ եռամսյակի համեմատ ավելացել է 0.9%-ով, իսկ տարեկան կտրվածքով՝ 2,.%-ով։
Ֆրանսիայի աշխատանքի նախարարության և France Travail-ի հրապարակած տվյալների համաձայն՝ A կատեգորիայի գործազուրկների, այսինքն՝ ընդհանրապես աշխատանք չունեցող անձանց թիվը երեք ամսում ավելացել է 30.4 հազարով՝ հասնելով 3.35 միլիոնի։
Սակայն, ինչպես նշում է պարբերականը, վիճակագրության վրա ազդել են նաև գործազուրկների հաշվառման կարգի փոփոխությունները։ 2025 թվականի հունվարից Ֆրանսիայում սոցիալական աջակցության RSA ծրագրի շահառուները, ինչպես նաև զբաղվածության աջակցության ծրագրերին մասնակցող երիտասարդները, ավտոմատ կերպով գրանցվում են France Travail-ում։
Առանց այս փոփոխությունների ազդեցության՝ գործազուրկների թվի աճը զգալիորեն ավելի համեստ կլիներ՝ 0.3% եռամսյակային և 0.9% տարեկան կտրվածքով։
Աշխատանք փնտրող գրանցված անձանց ընդհանուր թիվը մոտենում է 6 միլիոնի։ Մասնակի զբաղվածություն ունեցող, սակայն աշխատանք փնտրելը շարունակող անձանց հաշվառմամբ՝ ցուցանիշը հասնում է 58.5 միլիոնի՝ եռամսյակի ընթացքում աճելով 0.8%-ով, իսկ տարվա ընթացքում՝ 2.4%-ով։
Միաժամանակ France Travail-ում գրանցված սոցիալական ծրագրերի մասնակիցների թիվը երրորդ եռամսյակում հասել է 597 հազարի՝ նախորդ եռամսյակի համեմատ ավելանալով 10.4%-ով։
Առավել մտահոգիչ է երիտասարդների զբաղվածության իրավիճակը։ Մինչև 25 տարեկան գործազուրկների թիվը երրորդ եռամսյակում աճել է 2.4%-ով, իսկ տարեկան կտրվածքով՝ 2%-ով։
Աշխատանքի միջազգային կազմակերպության մեթոդաբանությամբ՝ 2026 թվականի երկրորդ եռամսյակում 15–24 տարեկանների շրջանում գործազրկության մակարդակը կազմել է 21.6%, մինչդեռ երկրի բնակչության բոլոր տարիքային խմբերի համար այն եղել է 8.3%։
Իրավիճակը վատթարացել է նաև 25–49 տարեկանների շրջանում։ Այս տարիքային խմբում աշխատանք չունեցող գրանցված անձանց թիվը եռամսյակի ընթացքում ավելացել է 1%-ով, իսկ տարեկան կտրվածքով՝ 3.5%-ով։
Մինչդեռ 50 տարեկանից բարձր անձանց շրջանում իրավիճակը համեմատաբար կայուն է։ Այս խմբում գործազուրկների թիվը եռամսյակի ընթացքում նվազել է 0.1%-ով, իսկ տարեկան կտրվածքով՝ 0.8%-ով։
Այսպիսով, Ֆրանսիայում գործազրկության աճն առավելապես ազդում է երիտասարդների և 25–49 տարեկանների վրա, մինչդեռ 50 տարեկանից բարձր բնակչության շրջանում աշխատաշուկայի իրավիճակը մնում է համեմատաբար կայուն։
