Կենտրոնական բանկի պարզաբանումը` «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի որոշ հոդվածների կասեցման վերաբերյալ
Կենտրոնական բանկը տարածել է պաշտոնական մամլո հաղրոդագրություն` պարզաբանումներ ներկայացնելով «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի որոշ հոդվածների կասեցման վերաբերյալ:
Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի որոշ հոդվածների կասեցման վերաբերյալ աշխատակարգային որոշման ընդունումից հետո Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ են ներկայացվել վերը նշված որոշման կատարումն ապահովելու և վիճարկվող դրույթների կասեցումից բխող գործողություններ ձեռնարկելու պահանջներով բազմաթիվ գրություններ: Ստեղծված պայմաններում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը անհրաժեշտ է համարում անդրադառնալ մտահոգությունների և տարակարծությունների տեղիք տվող խնդիրներին:
Հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը 2014 թվականի հունվարի 24-ի աշխատակարգային որոշմամբ կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի՝ պարտադիր կուտակային վճարներ չկատարելու կամ ուշացումով կատարելու համար պատասխանատվությանը, ինչպես նաև պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների կողմից մինչև սույն թվականի հունվարի 1-ը կենսաթոշակային ֆոնդ և կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ ընտրելու պարտավորությանը վերաբերող դրույթները: Այսպիսով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը իր աշխատակարգային որոշմամբ կուտակային բաղադրիչի մասնակիցներին պարտադիր կուտակային վճարները կատարելու պարտականությունից չի ազատել:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը փաստում է, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի՝ կուտակային բաղադրիչի մասնակիցների՝ կուտակային վճարներ կատարելու պարտականությանը վերաբերող համապատասխան դրույթները կասեցված չեն և հիշեցնում, որ նշված դրույթների սահմանադրականությունը դեռևս վիճարկման փուլում է: Ուստի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հորդորում է ձեռնպահ մնալ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման տարաբնույթ ընկալումներից, քանի որ վիճարկվող դրույթների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչվելու պարագայում պարտադիր կուտակային բաղադրիչիմասնակիցների համար հետևանքները, թերևս, ավելի ծանր կլինեն և կհանգեցնեն բաց թողնված ժամանակահատվածի համար կուտակային վճարներ միանվագ կատարելու պարտավորությանը:
Հայտնում ենք նաև, որ օրենքի կասեցված դրույթների կիրարկումն ապահովող Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ակտերը չեն խոչընդոտում ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման կատարմանը, ուստի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը վիճարկվող դրույթների կասեցումից բխող միջոցառումներ ձեռնարկելու խնդիր ներկա փուլում չունի:
Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն իր պատրաստակամությունն է հայտնում իր լիազորությունների շրջանակում աջակցել կուտակային բաղադրիչի մասնակիցներին իրազեկելու և տեղեկատվության հասանելիությունն ապահովելու հարցում: