Այս պահի դրությամբ արդեն հաջողվել է սառեցնել շուրջ 3 միլիարդ ԱՄՆ դոլար․ Binance-ը հանդես է եկել նոր հայտարարությամբ
Binance-ն արդեն սկսել է օգտատերերի՝ միջադեպից տուժած ակտիվների վերադարձը և շարունակում է համագործակցել իրավապահ մարմինների, թողարկողների, բլոկչեյն վերլուծության ոլորտի ընկերությունների և ոլորտի այլ մասնակիցների հետ՝ լրացուցիչ միջոցները հայտնաբերելու, սառեցնելու և վերադարձնելու նպատակով։
«Ինչպես արդեն հայտնել ենք, Binance-ն ամբողջությամբ կփոխհատուցի առաջացած կորուստները՝ ընկերության սեփական միջոցների հաշվին։
Այդ նպատակով Binance-ն արդեն պահուստավորել է ավելի քան 6,34 միլիարդ ԱՄՆ դոլարի սեփական միջոցներ։ Դրանցից 5 միլիարդն արդեն պահվում է այն նույն թոքեններով, որոնց առնչվել է միջադեպը։ Այժմ մենք շուկայից և արտաբորսայական՝ OTC գործարքների միջոցով ձեռք ենք բերում ակտիվների մնացած ծավալը՝ միջադեպին առնչվող յուրաքանչյուր ակտիվի հնարավոր պակասն ամբողջությամբ լրացնելու համար։
Այս գործընթացը կարող է որոշակի ժամանակ պահանջել․ առանձին թոքենների իրացվելիությունը սահմանափակ է, իսկ OTC գործարքների հաշվարկները նույնպես ժամանակ են պահանջում։ Հետագա առաջընթացի մասին կտեղեկացնենք հաստատված տեղեկությունների ստացմանը զուգընթաց։
Նշված 6,34 միլիարդ ԱՄՆ դոլարը չի ներառում սառեցված կամ ապահովված այն ակտիվները, որոնք վերադարձի և լրացուցիչ ստուգման փուլում են։ Այս պահի դրությամբ ոլորտի մեր գործընկերների աջակցությամբ արդեն հաջողվել է սառեցնել շուրջ 3 միլիարդ ԱՄՆ դոլար։ Մենք շարունակում ենք գործընկերների և իրավապահ մարմինների հետ համատեղ աշխատանքը՝ այդ միջոցները վերադարձնելու ուղղությամբ։
Binance-ը կշարունակի օգտագործել սեփական միջոցները՝ ցանկացած հաստատված պակասուրդ ծածկելու համար։ Ակտիվների վերադարձի գործընթացի առաջընթացին զուգընթաց մենք կհրապարակենք նոր հաստատված տվյալներ։ Ի վերջո, օգտատերերի բոլոր միջոցների ապահովությունը հրապարակայնորեն կհաստատվի պահուստների հաստատման համակարգի՝ Proof of Reserves-ի միջոցով։
Մենք կհաղթահարենք այս իրավիճակը։ Շնորհակալություն ձեր աջակցության համար»,-նշված է հայտարարության տեքստում։
