Anthropic-ը նախատեսվող IPO-ի ընթացքում կարող է ներգրավել 64.4 մլրդ դոլար
Ամերիկյան Anthropic արհեստական բանականության (ԱԲ) ընկերությունը նախապատրաստվող IPO-ի (բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման) ընթացքում կարող է ներգրավել մինչև 64.4 մլրդ դոլար։ Այս մասին է վկայում Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին (SEC) ընկերության ներկայացրած տեղաբաշխման ազդագիրը։
Փաստաթղթի համաձայն՝ Anthropic-ը և նրա որոշ ներդրողներ նախատեսում են բաժնետոմսերը վաճառել 70-78 դոլար գնային միջակայքում։ Այդ միջակայքի վերին սահմանով բաժնետոմսերի տեղաբաշխման դեպքում ընկերության շուկայական գնահատականը կգերազանցի 1 տրլն դոլարը։
IPO-ի շրջանակում ներդրողներին կառաջարկվի Anthropic-ի ընդհանուր առմամբ 825 մլն բաժնետոմս։ Դրանցից 801.35 մլն-ը կտեղաբաշխի ընկերությունը, իսկ մնացածը կվաճառեն դրա գործող բաժնետերերը։
Ընկերությունը նախատեսում է նաև 26 մլրդ դոլար ներգրավել՝ բաժնետոմսերի մասնավոր տեղաբաշխման միջոցով, որի մասնակիցները կլինեն խոշոր ներդրողներ։ Դրանց թվում են Google-ը (պատկանում է Alphabet Inc.-ին), Nvidia Corp.-ը, Advanced Micro Devices Inc.-ը, Broadcom Inc.-ը, Micron Technology Inc.-ը, Microsoft Corp.-ը և Taiwan Semiconductor Manufacturing Company-ն։
Հաշվի առնելով խոշոր ներդրողների ներդրումները՝ տեղաբաշխման ընդհանուր ծավալը կհասնի 90.4 մլրդ դոլարի։
Անցյալ շաբաթ ընկերության հրապարակած տվյալների համաձայն՝ հուլիս-սեպտեմբեր ամիսներին դրա զուտ վնասը տարեկան կտրվածքով գրեթե կրկնապատկվել է՝ չնայած հասույթի 12-ապատիկ աճին։ IPO-ի ազդագրում նշվում է, որ հոկտեմբերի 31-ի դրությամբ Anthropic-ի տարեկանացված հասույթը կազմել է շուրջ 81 մլրդ դոլար, ինչը 10 մլրդ դոլարով գերազանցում է սեպտեմբերի 30-ի ցուցանիշը։
Ընկերությունը նաև նախազգուշացրել է արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացման հետ կապված ռիսկերի մասին։ Մասնավորապես, նշվում է, որ մրցակիցները կարող են առավելություն ստանալ ԱԲ մոդելների ավելի արագ մշակման շնորհիվ։ Բացի այդ, Anthropic-ը մտահոգություն է հայտնել, որ արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացումը կարող է առաջ անցնել անվտանգության համապատասխան միջոցներ ներդնելու սեփական հնարավորություններից։
Ընկերության հավակնոտ ծրագրերը ենթադրում են նաև ենթակառուցվածքների զարգացման հսկայական ծախսեր։ Amazon.com Inc.-ի և Google-ի նման գործընկերների հետ կնքված՝ հաշվողական հզորությունների տրամադրման համաձայնագրերով Anthropic-ի պարտավորությունների ընդհանուր ծավալը կազմում է գրեթե 900 մլրդ դոլար։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

