Ջոն Ռոքֆելեր․ ինչպե՞ս նավթը նրան դարձրեց աշխարհի առաջին միլիարդատերը
Standard Oil-ի հիմնադիր Ջոն Ռոքֆելերը պատմության առաջին միլիարդատերը դարձավ՝ նավթավերամշակման, փոխադրումների և շուկայի նկատմամբ վերահսկողության շնորհիվ։ Նրա ստեղծած նավթային կայսրությունը վերափոխեց արդյունաբերությունը, սակայն հետագայում բաժանվեց 34 անկախ ընկերությունների՝ ԱՄՆ Գերագույն դատարանի որոշմամբ։
1916 թվականին Ռոքֆելերի կարողությունը գերազանցեց 1 մլրդ դոլարը։ Դրան նպաստեց Standard Oil-ի բաժանումից հետո ձևավորված ընկերությունների բաժնետոմսերի արժեքի կտրուկ աճը։
1863 թվականին Ռոքֆելերը ներդրումներ կատարեց Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում նավթավերամշակման գործարանի կառուցման մեջ։ 1870 թվականին հիմնադրվեց Standard Oil Company of Ohio-ն, որը սկզբում վերամշակում էր ԱՄՆ նավթի շուրջ 4%-ը։
Ընկերության ռազմավարությունը հիմնված էր նավթավերամշակման, լոգիստիկայի և մատակարարման շղթաների վերահսկողության վրա։ Տեխնոլոգիական նորարարությունները և արտադրության մասշտաբների մեծացումը հնարավորություն տվեցին զգալիորեն նվազեցնել ծախսերը։
1860–1910 թվականներին մեկ բարել կերոսինի գինը նվազեց մոտ ութ անգամ՝ 24 դոլարից մինչև 3 դոլար, իսկ հում նավթինը՝ շուրջ 14 անգամ՝ 10 դոլարից մինչև 0.7 դոլար։
Standard Oil-ը նաև վերահսկողություն հաստատեց երկաթուղային փոխադրումների, նավթատարների և պահեստավորման ենթակառուցվածքների նկատմամբ՝ ձեռք բերելով մրցակցային առավելություններ։
1882 թվականին Ռոքֆելերը ձևավորեց շուրջ 40 ընկերություն միավորող տրեստ։ Standard Oil-ի մասնաբաժինը ԱՄՆ նավթավերամշակման շուկայում 1870 թվականի 4%-ից հասավ 80–85%-ի՝ 1880 թվականին, իսկ 1890 թվականին՝ 88%-ի։
Standard Oil-ը զարգացրեց միջազգային նավթային փոխադրումները՝ մրցակցելով, մասնավորապես, Ռուսական կայսրությունում գործող Նոբել եղբայրների հետ։ 1900 թվականին ընկերության օվկիանոսային նավատորմն ընդգրկում էր ավելի քան 60 նավ։
Սակայն ընկերության գերիշխող դիրքը և մրցակիցների նկատմամբ կիրառվող գործելակերպը հանգեցրին հակամենաշնորհային հետաքննության։
1911 թվականին ԱՄՆ Գերագույն դատարանը Standard Oil-ը բաժանեց 34 անկախ ընկերությունների՝ Շերմանի հակամենաշնորհային օրենքի խախտման համար։ Դատարանը հաստատեց, որ ընկերությունը սահմանափակել էր մրցակցությունը՝ կիրառելով խտրական փոխադրավարձեր, գաղտնի համաձայնություններ, գիշատչային գնագոյացում և հարկադիր ձեռքբերումներ։
Ընկերության բաժանումը չնվազեցրեց Ռոքֆելերի կարողությունը։ Պահպանելով բաժնետոմսերի շուրջ մեկ քառորդը՝ նա համարժեք մասնակցություն ստացավ նորաստեղծ 34 ընկերություններում։
Ավտոմոբիլային արդյունաբերության զարգացումը և նավթի պահանջարկի աճը նպաստեցին դրանց բաժնետոմսերի թանկացմանը։ Մինչև 1916 թվականը արժեթղթերի արժեքն աճեց մոտ երեք անգամ, իսկ Ռոքֆելերի կարողությունը գերազանցեց 1 մլրդ դոլարը։
Standard Oil-ի պատմությունը դարձավ ինչպես արդյունաբերական մասշտաբավորման և կապիտալի կուտակման, այնպես էլ հակամենաշնորհային կարգավորման կարևորագույն օրինակներից մեկը։
