Anthropic-ը սահմանափակել է իր արհեստական բանականության ծառայությունների հասանելիությունը Ռուսաստանում և Չինաստանում
Արհեստական բանականության ոլորտում գործող ամերիկյան Anthropic ընկերությունն ընդլայնել է իր ծառայությունների օգտագործման աշխարհագրական սահմանափակումները՝ փաստացի արգելելով դրանց կիրառումը Ռուսաստանի և Չինաստանի ֆիզիկական ու իրավաբանական անձանց համար։
Ընկերության պաշտոնական կայքում հրապարակված պայմանների համաձայն՝ Anthropic-ի արտադրանքն ու ծառայությունները, այդ թվում՝ Claude.ai, Claude Code, Cowork հավելվածները, API-ն, ծրագրավորողների հարթակը և ամպային ծառայությունների միջոցով հասանելի Claude մոդելները, կարող են օգտագործվել միայն թույլատրված երկրների և տարածաշրջանների ցանկում ընդգրկված տարածքներում։
Այդ ցանկում ներառված չեն Ռուսաստանը և Չինաստանը։ Ծառայությունները հասանելի չեն նաև Բելառուսում, Վենեսուելայում, Իրանում, Հյուսիսային Կորեայում, Կուբայում և Սիրիայում։ Ընկերությունն առանձին սահմանափակումներ է նախատեսել նաև Ղրիմի, Դոնբասի, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների համար։
Սահմանափակումները վերաբերում են ոչ միայն նշված տարածքներում ֆիզիկապես գտնվող օգտատերերին, այլև ընկերությունների սեփականության և վերահսկողության կառուցվածքին։
Մասնավորապես, Anthropic-ի տեխնոլոգիաներից չեն կարող օգտվել այն կազմակերպությունները, որոնք գործում են ծառայությունների հասանելիության սահմանափակումներ ունեցող երկրներում։
Արգելքը տարածվում է նաև այն ընկերությունների վրա, որոնց բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթն ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում է սահմանափակումների ենթակա տարածաշրջանների ֆիզիկական կամ իրավաբանական անձանց։
Բացի այդ, սահմանափակումները վերաբերում են նույնիսկ Anthropic-ի կողմից ընդհանուր առմամբ սպասարկվող կազմակերպությունների այն աշխատակիցներին, որոնք ֆիզիկապես գտնվում են ծառայությունների հասանելիություն չունեցող տարածաշրջաններում։
